Մենք սպասում  ենք ծերունիների մի ամբողջ բանակի. երկուսից մեկը կարող է ունենալ հոգեբանական կամ հոգեբուժական առողջության խնդիր, պատրա՞ստ ենք դրան

Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ հոգեկան առողջությունն անվտանգության տարրեր պարունակող հարց է:

«Այսինքն, ազգի հոգեկան առողջությունն իր մեջ ներառում է այնպիսի տարրեր, որոնք կարող են նպաստել, կամ, ընդհակառակը, խոչընդոտել անվտանգությանը: Սա ամբողջ աշխարհում կարևոր խնդիրներից մեկն է: Երկրորդը՝ հոգեկան առողջությանն առնչվող հարցերի տարածվածությունն է: Մենք, ցավոք, չենք տիրապետում Հայաստանի վիճակագրությանը, որովհետև մեզ մոտ հոգեկան առողջության խնդիրներով գրանցվում են միայն ծանր հոգեկան խանգարումներով դեպքերը, իսկ իրականում, ամբողջ աշխարհում դա շատ կարևոր հարցերից մեկն է:

Այս տարվա կարգախոսն է՝ Հոգեկան առողջության առաջխաղացում և սուիցիդների՝ ինքնասպանությունների կանխարգելում: Հետազոտություններ են անցկացվել ամբողջ աշխարհում, և պարզվել է, որ ինքնասպանություն գործելուց առաջ մարդիկ չեն դիմում հոգեկան առողջության մասնագետի, դիմում են ընտանեկան բժշկի: Դա խոսում է այն մասին, որ հոգեկան առողջության խնդիրների կանխարգելման բանալիները ոչ միայն հոգեբույժների, հոգեբանների, սոցիալական աշխատողների ձեռքում են, այլև ընտանեկան բժիշկների, որոնց պետք է զինենք նոր գիտելիքներով:

Եվ, յուրաքանչյուրս միմյանց նկատմամբ շատ զգոն պետք է լինենք: ՀՀ բանակում կան ինքնասպանության դիմողներ և ինքնասպանության հասցնողներ: Ցավոք, 2 անգամ բարձր է ինքնասպանությանը հասցնելու թիվը:

Ամբողջ աշխարհում հայտնի թիվ կա, որ մինչև պատանեկան տարիքը մարդկանց 20-25 տոկոսն իր զարգացման ընթացքում կարող է այս կամ այն հոգեբանական հարցերն ունենալ, որի դեպքում ավելի լավ է հոգեբանի դիմեն, որպեսզի հետո այդ խնդիրները չսրվեն: Ավելի մեծ տարիքում , գիտենք, որ  17-20 տոկոսն է դիմում այդ քայլին: Իսկ ամբողջ կյանքի ընթացքում 4 մարդուց մեկն ունենում է հոգեկան առողջությանը առնչվող խնդիրներ:

Մյուս մարտահրավերը, որ կանգնած է մեր պետության առողջապահության սիստեմի առջև, դա այն է, որ կյանքի միջին տևողությունը երկարել է, հետևաբար՝ ավելացել են ծերունական տարիքի հոգեբանական խնդիրները: Մենք սպասում  ենք ծերունիների մի ամբողջ բանակի. երկուսից մեկը այս կամ այն չափով կարող է ունենալ հոգեբանական կամ հոգեբուժական առողջության խնդիրներ: Այսօր արդյոք պատրա՞ստ ենք ամեն երկրորդ ծերունու աջակցել, ծառայություն մատուցել, օգնել ընտանիքին, որպեսզի հեշտությամբ դիմագրավեն այս մարտահրավերը: Իմ կարծիքով՝ դեռ ոչ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խաչատուր Գասպարյանը:

Բանախոսն անդրադարձավ նաև ինքանսպանության կանխարգելման թեժ գծին՝ նշելով, որ դրա կարիքը կա, բայց մեծ ռեսուրս է պահանջվում:

«Թեժ գիծը պետք է 24 ժամ աշխատի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ լուսադեմին ավելի շատ են  ինքնասպանություններ գործում»,- նշեց հոգեբանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս