«Բիոնիկ ապագա. այսօր կարևորը տեխնոլոգիաները չեն, այլ նոր նախագծված սկզբունքները». Միգել Կարասքո
Բոստոնի խորհրդատվական խմբի թվային կառավարման ղեկավար Միգել Կարասկոյի (Miguel Carrasco) ելույթը Հայաստանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում (WCIT 2019)։
«Գուցե զարմանալի է, բայց տեխնոլոգիական աշխարհում ամենակարևորը մարդն է, ոչ թե տեխնիկան։ Մենք նոր մտքեր ունենք, նոր նպատակներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել մարդկության համար ամենալավ ավտոմատացված համակարգերը։ Մենք պետք է վերանայենք մեր գործելաոճը, մեր կառավարությունների քաղաքականությունը։ Ոչ մի փաստ չկա, որ տեխնոլոգիան կարող է արժեքներ ստեղծել։ Տեխնոլոգիան ստեղծում է աշխատատեղեր։ Բարձր տեխնոլոգիայի ոլորտի աշխատատեղերի մեծ մասը ստեղծել է հենց տեխնոլոգիան։ Բայց արդյո՞ք այս պոտենցիալը իսկապես հասկացվում է, արդյո՞ք իրականությունը իր ամենավերին մակարդակում է։ Բիզնեսն ու կառավարությունը տեխնոլոգիաների զարգացման վրա ամենամեծ ներդրում անողներն են։ Բայց քաղաքացիները այդքան էլ տպավորված չեն դրանով։ Փոխարենը՝ մի շարք պլաններ ունենք թվային աշխարհի ստեղծման ճանապարհին։ Թվային ինովացիաները մեր աչքի առաջ են։ Տեխնոլոգիաների հնարավորությունները ամբողջապես հասկանալու համար պետք է գիտության օգնությանը դիմենք։ Ու այսօր կարևորը տեխնոլոգիաները չեն, այլ նոր նախագծված սկզբունքները։ Ես ուզում եմ Ձեզ տալ թվային փոխակերպման (digital transformation) գաղտնիքը։ Դա շատ պարզ ալգորիթմ է։
10; 20; 70. Ձեր օրվա 10 տոկոսը կենտրոնացրեք տվյալների ու ալգորիթմների վրա, 20 տոկոսը՝ տեխնոլոգիաների և հարթակների վրա, և Ձեր ժամանակի 70 տոկոսը՝ մարդկանց ու գործընթացների վրա։ Բայց, ցավոք, հաճախ շատերը 70 տոկոս չեն հատկացնում մարդկանց ու գործընթացներին։ Մենք պետք է կարողանանք վերաբաշխել մեր ժամանակը։
Մենք պետք է բիոնիկ (bionic) մտածենք, մենք պետք է լինենք բիոնիկ։ Բիոնիկ կառավարությունները ու կազմակերպություններն այսօրվա կառավարություններից ու կազմակերպություններից կտրուկ տարբեր են լինելու։ Նրանց բերելու ենք խորը ու համապարփակ փոփոխությունների՝ կազմակերպության յուրաքանչյուր հատվածում, նրանք հասնելու են յուրաքանչյուր անհատի, յուրաքանչյուր գործառույթի։ Բայց մենք դեռ գործընկերներ չունենք։ Մենք ունենք որոշ նախագծված սկզբունքներ։ Այս կազմակերպությունները ավելի քիչ դեգրադացված են և ավելի քիչ ֆունկցիոնալ։ Դրանք ղեկավարելու են սուվերեն լիդերները։ Դրանք ունենալու են ավելի մեծ էկոհամակարգ։ Հարցումները ցույց են տվել, որ աշխատողները, մարդիկ սրանում միայն լավն են տեսնում։ Նրանք այս դեպքում ավելի լավ կկատարեն իրենց աշխատանքը։ Նրանք այս դեպքում աշխատանքում ավելի մեծ իմաստ ու հետաքրքրություն կտեսնեն։ 5-ից 1-ը սրանում նոր ընկերություն ստեղծելու հնարավորություն էր տեսնում։ Փաստորեն, մարդիկ ավելի շատ լավատես են։ Բայց ծնողները այդքան լավատես չեն, երբ հարցը վերաբերում է իրենց երեխաների կրթությանը կամ ապագա աշխատանքին այս համակարգում։ Մարտահրավերը այն է, թե մենք ինչպես կարող ենք վերազինել մեր հմտությունները։ Դա կառավարության ու գործատուի ձեռքերում է։ Նրանք պետք է մտածեն։
Անցնելով Բիոնիկ ընկերությունների տեխնոլոգիական մասին՝ պետք է նշել մի քանի հիմնական փաստ՝ տվյալների անսահման շատ օգտագործում, արհեստական բանականության ու թվային հարթակների գործարկում։ Ու այս կազմակերպությունների ստեղծման համար մեզ կօգնեն նոր սերնդի տեխնոլոգիաները։ Տվյալները բիոնիկ ընկերությունների «երակների արյունն» են լինելու։ Բիոնիկ ընկերություններից շատերը ստեղծելու և օգտագործելու են մրցակցային առավելություններ ունեցող յուրահատուկ տվյալներ։ Իսկ մրցակցային առավելություն ունեցող տվյալ ստեղծելու համար պետք է անխոնջ աշխատել։ Մենք ունենք տվյալների, թվային հարթակների կարիք։ Ես էլ ունեմ ձեզնից շատերի գիտելիքների կարիքը։ Բիոնիկ ընկերություններին պետք է ճկուն, հմուտ մարդկային ռեսուրսների թիմ, որը կունենա լիազորությունների մեծ մակարդակ՝ ընկերությունը կոնկրետ արդյունքների հասցնելու համար։
Կառավարությունը բիոնիկ ապագա ունենալու ճանապարհին մեծ դերակատարում ունի։ Կառավարությունն է ստեղծելու բիոնիկ ընկերություններ ու զարկ է տալու բիոնիկ տնտեսությանը։ Նա մեծ որոշում էլ պետք է կայացնի՝ կրթությունն ու վերապատրաստումը։ Կառավարությունները պետք է վերափոխեն կրթության ձևը։ Մենք պետք է վերասահմանենք աշխատանք հասկացությունը։ Կառավարությունները պետք է կառուցեն թվային կարողություններ տնտեսության համար։ Նրանք պետք է աջակցեն բիոնիկ դառնալ ցանկացող ընկերություններին։ Մենք պետք է բարձրացնենք արհեստական բանականության ազդեցության մասին հասարակության գիտակցության մակարդակը։ Եվ վերջապես, մենք պետք է վերանայենք հարկային, ներգաղթային, առողջապահական, կրթական, տնտեսական քաղաքականությունը՝ վերափոխումները հաջողելու համար։ Ու պետք է խուսափենք մարդկանց մեջ աճող անհավասարությունից։ Չկարգավորված վերափոխումը կարող է կործանարար լինել։ Ես նախընտրում եմ արդյունավետ ռազմավարությունը։ Մի ռազմավարություն, որում մարդն ու տեխնոլոգիան միասին կհաղթահարեն մարտահրավերները՝ այսօր ու վաղը։ Ես հույս ունեմ, որ կառավարությունները կկանգնեն մեր կողքին, ու կկարողանանք ստեղծել բիոնիկ ապագա»։
WCIT 2019-ը տեղի է ունենում Հայաստանում՝ հոկտեմբերի 6-9-ը։ WCIT-ը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից (WITSA)։ Համաժողովի հիմնական կազմակերպչական մարմինն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (UATE)։
Հիշեցնենք, որ իր նշանակությամբ և ազդեցությամբ չափազանց կարևոր՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) հիմքերը դրվել էին դեռևս նախկին իշխանությունների օրոք:
2015թ. մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի էր ունեցել 2019 թվականին Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Էմիլ Տարասյանը: Համաձայնագիրը ստորագրել են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Յու Այ Թի Ի ԷՔՍՊՈ ընկերության այն ժամանակվա տնօրեն Հայկ Չոբանյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթը: