Կամուրջ Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև․ HIVE
Հայաստանում 5-րդ անգամ տեղի է ունեցել HIVE տեխնոլոգիական համաժողովը, որը կապում է հայկական նորաստեղծ ընկերություններին և ստարտափներին Սիլիկոնյան հովտի հետ։
Համաժողովի մասնակիցների թվում էին թե՛ ներդրողները, թե՛ ստարտափների և ընկերությունների ներկայացուցիչները։ Ելույթների, պանելային քննարկումների միջոցով մասանկիցները հնարավորություն են ունենում ծանոթանալ Սիլիկոնյան հովտի ընկերությունների պատմություններին և զարգացման ճանապարհին։
Այս անգամ ևս մասնակիցների հետ հանդիպումներ և քննարկումներ են ունեցել մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Այդ ընկերություններն են՝ Kleiner Perkins, Google, NextPlay Capital, Square, Chime, Netflix, Kapor Capital, ServiceTitan, Nova Credit, UpWest Labs, Spark Capital և այլն:
HIVE Ventures-ը, առհասարակ, ներդրումներ է կատարում և համագործակցում է ամբողջ աշխարհում գործող ստարտափների հետ, որոնք գտնվում են սաղմնային փուլում: Ֆոնդի աշխարհագրությունը շատ լայն է՝ Սիլիկոնային հովտից մինչև Հայաստան:
Հիմնադրամը ոչ միայն ներդրումներ է կատարում, այլև հնարավորություն է տալիս ստարտափներին հասանելիություն ունենալ Սիլիկոնյան հովտի ռեսուրսներին։
Index Ventures-ի տնօրեն Նինա Աչաջյանը նշում է, որ սա արդեն 5-րդ անգամն է, երբ Սիլիկոնյան հովտի լիդերները գալիս են Հայաստան։ HIVE-ի հիմնական առաքելությունը Հայաստանի և Սիլիկոնյան հովտի միջև կամուրջ կառուցելն է, քանի որ, երբ դու ապրում ես Սիլիկոնյան հովտից հազարավոր կիլոմետրեր հեռու, կապ հաստատելը չափազանց դժվար է։
«Ի՞նչ ենք մենք անում՝ 3 բան։ Մենք վաղ ներդրումներ ենք կատարում հայկական ստարտափների մեջ, մենք օգնում ենք դրանց միանալ մենթորներին, ինչպես նաև օգնում ենք նրանց մուտք ունենալ Սիլիկոնյան հովտի գիտելիքներին և վենչուրային կապիտալին:
Եվ, ինչպես տեսնում եք, այո, մենք շատ ոգևորված եք Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման սցենարով: Մենք տեսնում ենք մեծ առաջընթաց տեխնոլոգիական ոլորտում վերջին 4 տարիներին և մենք դեռ միայն սկսում ենք։
Վերջին տարիներին մենք հետևում ենք մի շարք ընկերությունների աճին և կարճ ժամանակահատվածում մենք ունեցանք առաջին հայկական ընկերությունը՝ 1 միլիարդ դոլար արժողությամբ՝ Service Titan»:
Որպես օրինակ Նինա Աչաջյանը բերում է Krips-ը, որը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություններ է գրանցել և որում ներդրումներ են կատարվել զարգացման վաղ շրջանում։ Krips-ը իրական ժամանակում աղմուկի մաքրման ծառայություն է, որը, ըստ թեստավորման արդյունքների, լավագույններից է աշխարհում։
«Մենք նաև կապում ենք մեր մասնակիցներին ոչ հայ մենթորների հետ, որոնցից շատերը աշխատում են շատ մեծ արժողություն ունեցող ընկերությունում, որոնք գրանցում են շատ նշանակալի և արագ տեխնոլոգիական զարգացում»,- նշում է Նինա Աչաջյանը։
Սիրարփի Աղաբաբյան