Հայ մասնագետները ստեղծել են աղմուկի մաքրման ամենաորակյալ տեխնոլոգիան աշխարհում
Հայ մասնագետների մշակած տեխնոլոգիան թեստավորումից հետո ստացել է բարձր գնահատական և համարվում է ամենալավը աշխարհում: Խոսքը աղմուկի մաքրման տեխնոլոգիայի մասին է:
2Hz ընկերության համահիմնադիր Արտավազդ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում պատմում է, թե ինչ խնդիր լուծելու համար է մշակվել տեխնոլոգիան:
«Խնդիրը բոլորիս կյանքում հաճախ հանդիպող մի երևույթ է, երբ ստիպված ենք լինում զանգ կատարել աղմկոտ միջավայրից՝ փողոցից, սրճարանից, բանկից, աշխատավայրից, տնից։ Այն ավելի է կարևորվում, երբ զանգը աշխատանքային է:
Այս խնդրի լուծման տարբեր մոտեցումներ կան։ Սկսած մարդու ձայնի առանձնահատկությունների վրա հիմնված աուդիո մշակումների դասական ալգորիթմներից, մինչև սարքավորումների ժամանակակից մոդիֆիկացիաները, որոնք ենթադրում են սարքի վրա մի քանի միկրոֆոնի առկայություն։ Այս մեթոդները հիմնված են ինչ-որ կերպ աղմուկի աղբյուրը հասկանալու և այն ճնշելու վրա։ Դասական ալգորիթմները բավական լավ են աշխատում, երբ աղմուկը ստացիոնար է, այսինքն՝ ժամանակի ընթացքում շատ չի փոխվում։ Իսկ ոչ ստացիոնար աղմուկների դեպքում դրանք բավական լուրջ դժվարությունների առաջ են կանգնում և փաստացի չեն կարողանում լուծել խնդիրը։ Մի քանի միկրոֆոնի առկայությունը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ հասկանալ, թե ինչ աղմուկի հետ գործ ունենք: Սակայն սրանք էլ իրենց սահմանափակումերն ունեն հենց միայն այն պատճառով, որ կախված են կոնկրետ սարքավորումից։
Մեր մոտեցման հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք հիմնվում ենք ոչ թե աղմուկի կամ սարքավորման առանձնահատկությունների, այլ հենց մարդու ձայնի վրա։ Այդ իսկ պատճարով մեր ալգորիթմները անկախ են թե՛ սարքավորումից, և թե՛ աղմուկից»։
Տեխնոլոգիան հիմնված է նեյրոնային ցանցերի վրա։
«Ունենք աղմուկների ձայնային մեծ բազա, մարդկային բազմաթիվ ձայներ, ձայնագրություններ, և դրանց շնորհիվ ստացել ենք տվյալների այն շտեմարանը, որն օգտագործում ենք նեյրոնային ցանցի ուսուցման համար: Նեյրոնային ցանցը մեր ստեղծածն է, որին սովորեցրել ենք մարդկային ձայնը աղմուկից տարբերելու հմտությունը: Փաստացի մենք համակարգչին «սովորեցնում» ենք աղմկոտ ձայնագրության մեջ տարբերակել մարդու ձայնը։ Հեռախոսազրույցի ընթացքում ձայնն իրական ժամանակում սերվերի միջոցով մշակվում է ու ենթարկվում որոշակի փոփոխությունների: Արդյունքում՝ առանց աղմուկի ձայնը փոխանցվում է խոսակցին»:
Հեղինակները նշում են, որ տեխնոլոգիան աշխատում է զուտ աուդիոյի հետ, այնպես որ, ցանկության դեպքում այն հնարավոր է ներդնել ցանկացած աուդիո համակարգում՝ հեռախոսների մեջ, համակարգիչների մեջ, օպերացիոն համակարգերում, հեռախոսային օպերատորների մոտ, ձայնային զանգեր ապահովող ցանկացած ծրագրի մեջ։
«Մենք ստեղծել ենք սեփական Krisp հավելվածը, որը իրենից ներկայացնում է Mac և Windows համակարգիչների համար արհեստական միկրոֆոն և բարձրախոս։ Krisp-ի օգնությամբ ցանկացած զանգ, որը կատարվում է համակարգչից, մաքրվում է աղմուկից։ Հեռացվում է օգտագործողին շրջապատող աղմուկը զանգի այլ մասնակիցների համար, ինչպես նաև այլ մասնակիցների աղմուկը Krisp օգտագործողի համար։ Krisp-ը նաև դարձել է տարվա ապրանք ProductHunt պլատֆորմում և նվաճել Golden Kitty մրցանակ։
Նաև պլանավորում ենք տեխնոլոգիան վաճառել աշխարհի բջջային ոլորտի մեծ ընկերություններին և call centre-ներին»։
Տեխնոլոգիան արդեն թեստավորվել է և ստացել է դրական գնահատական:
«Վերջերս մենք գերմանական հայտնի HEAD Acoustics ընկերության հետ համատեղ թեստ արեցինք, և ստացված արդյունքները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեր տեխնոլոգիան աշխարհի մակարդակով առաջատար դիրքերում է։ HEAD Acoustics-ը զբաղվում է մեր ոլորտում որակի միջազգային ստանդարտների և օբյեկտիվ գնահատման մեթոդների մշակմամբ։ Թեստը կազմակերպվել է իրենց աուդիո լաբորատորիայում, արդյունքները իրենք են գնահատել։ Ստացված գնահատականները որակի ընդունված չափանիշերից զգալի բարձր են»։
Այս պահին թիմը աշխատում է ալգորիթմի անհատականացման ուղղությամբ։ Նպատակն է՝ ստանալ տվյալ մարդու ձայնին ադապտացվող մոդել, որը հնարավորություն կտա յուրաքանչյուր մարդու ունենալ իր անհատական աղմուկ մաքրող ալգորիթմը:
Արտավազդ Մինասյանը իրենց հաջողության մասին խոսելիս նշում է, որ, երբ օժտված, աշխատասեր պրոֆեսիոնալների թիմը կենտրոնանում է հստակ ձևակերպված խնդրի վրա, վաղ թե ուշ հասնում է հաջողության։
Ընկերությունում այս պահին աշխատում է երեսունից ավելի մարդ։ Տեխնոլոգիաների վրա աշխատող հետազոտողների թիմը բաղկացած է տասը հոգուց, մեծ մասը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ են, մյուսներն էլ ուսանողներ են, ում մոտակա պլաններում թեկնածուականի պաշտպանություն կա։
«Ամեն մեկն իր ուրույն մոտեցումն ունի խնդիրներին, և հենց այդ առանձնահատուկ մոտեցումների համախմբումից էլ ստացվում են մրցակցային տեխնոլոգիաները։ Հաճախակի բուռն քննարկումներ ենք ունենում, որոնց արդյունքում էլ ծնվում են ամենահամարձակ մտքերը»։
Սիրարփի Աղաբաբյան