Քաոս՝ բանտերում. Արմեն Ամիրյանի խնամին է բժիշկներին պարտադրել է դուրս գալ աշխատանքից. «Ժողովուրդ»

«Կալանավայրերում բժիշկներին պարտադրում են դուրս գալ աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ներով՝ քրեակատարողականների ընդհանուր թվով 120 բժիշկներից 50-ն ար­դեն գործազուրկ են: Այստեղ էլ, ըստ մեր աղբյուրների, խնամի-ծանոթ-բարեկամությունը «արդյունավետ է աշխատում»:

Ոչ պատշաճ բուժսպասարկումից կալանավայրերում մշտապես դժգոհություն եղել է: Դեռևս նախկին իշխանությունների ժամանակ էին խնդրի լուծման ուղիներ փնտրում, փակե՛լ դատապարտյալների անմխիթար հիվանդանոցն ու նորը կառուցել՝ ավելի լավ պայմաններով, թե՛ ազատազրկվածների բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցներում, ինչպես շատ երկրներում են անում:

Այդպես էլ հարցը մնաց չլուծված: Եվ, ահա, հետհեղափոխական Հայաստանում կազմավորվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ոչ թե Քրեակատարողական վարչության ենթակայությամբ է գործելու, այլ Արդարադատության նախարարության:

Թերթի տեղեկություններով՝ ազատման դիմումների գլխավոր պարտադրողը այս ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ նշանակված Բագրատ Սայադյանն է, որը, ի դեպ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խնամին է: Բուժաշխատողներին ասել է՝ ազատվելու դիմում գրեն՝ ՊՈԱԿ-ում աշխատանքի խոստումով:

Մարդիկ էլ դիմումը գրել են ու հայտնվել «խաղից դուրս» վիճակում: «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետին են, օրինակ, հեռախոսազանգով առաջարկել դիմում գրել, վերջինս առարկել է, խոստացել են տեղափոխել «Կոշ» կալանավայր: Բուժմասի պետը երբ «Կոշում» պարզել է, որ իրեն խոստացած հաստիքն արդեն զբաղված է, հին աշխատավայրում դժգոհել է, որ կատարվածի մասին կհայտնի իրավապահներին, կառաջարկի վերծանել հեռախոսազրույցները:

Վերջնարդյունքում նրան առաջարկել են մի դիմում էլ գրել՝ նախորդ՝ ազատման դիմումին ընթացք չտալու խնդրանքով: Ահա այսպիսի քաոտիկ վիճակ է, ինչը, ըստ մեր տեղեկությունների, ավելի մեծ խառնաշփոթ է առաջացրել կալանավայրերի՝ առանց այդ էլ անմխի­թար բուժսպասարկման հատվածում, մասնագիտությամբ անասնաբույժն է բժշկությամբ զբաղվում, խնամի-ծանոթ-բարեկամով են դեղեր նշանակում, ատամնաբույժն առանձին դեպքերում թերապևտիկ օգնության է հասնում, թերապևտը՝ նարկոլոգ է աշխատում…

Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Սայադյանն ու Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանն են վճռում ով որտեղ պետք է աշխատի: Իսկ թոշակառուի տարիքային սահմանագիծը հատած Բաղդասարյանն էլ հասցրել է արդեն կնոջը որպես բժշկուհի աշխատանքի տեղավորել կալանավայրում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս