«Պարո՛ն վարչապետ, ասեցինք՝ «Մենք ենք տերը մեր երկրի», Է՞ս ա մեր տերը, էս ի՞նչ ա անում մարզպետը». Նորաշենցիները մարզպետարանում ակցիա են իրականացնում

Արարատի մարզպետարանում Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Նորաշենի ղեկավարը գտնվելով արձակուրդում, համայնքապետարանի պահակից տեղեկացել է, որ մարզպետն իրեն հեռացրել է պաշտոնից։

Մարզպետի հետ հանդիպման ընթացքում Նորաշենի համայնքի ավագանու անդամը մարզպետին հորդորել էր ցույց տալ այն արձանագրությունը, որով ավագանու նիստ է եղել և որոշում ընդունվել, որ Նորայր Գրիգորյանին պաշտոնից հեռացնեն, ապա մարզպետին հորդորել էր վերանայել ընդունած որոշումը։

Ավագանու հորդորին ի պատասխան` մարզպետը նշել էր, թե նա չի կարող իրեն որևէ բան հորդորել:

Այսօր արդեն նորաշենցիները մարզպետարանում են, նրանց ակցիային հետևում են ոստիկանները, ովքեր նաև բանակցում են  նրանց հետ՝ դուրս գալ մարզպետարանից, ինչին ի պատասխան՝ ակցիայի մասնակիցները պնդեցին, որ մարզպետը պիտի հայտարարի, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը այսուհետև Արտակ Հարությունյանը չի լինելու, այլ Աշոտ Ստեփանայանը:

Ի դեպ, վերջինս, ըստ նրանց, պիտի լինի ժամանակավոր լուծում և նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանը պիտի վերականգնվի իր աշխատանքին:

«Մենք պահանջում ենք մարզպետից գրավոր, որ ասի, որ Աշոտ Ստեփանյանն է: Պարոն վարչապետ, մենք պայքարեցինք, ասեցինք՝ մենք ենք տերը մեր երկրի. Է՞ս ա մեր տերը, էս ի՞նչ ա անում մարզպետը»,- ասաց համագյուղացիներից մեկը:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս