Մարուքյանն ակնհայտ վա-բանկ է գնում
Քաղաքական գործընթացները վկայում են այն մասին, որ հայրենի քաղաքական դաշտում հեղհեղուկ վիճակ է, և բոլորը պայքարում են բոլորի դեմ։ Ի դեպ՝ բավականին հետաքրքիր իրավիճակում է գտնվում «ֆեյք-ընդդիմությունը»՝ «Լուսավոր Հայաստանը», որն իր վերջին 10-օրյակի գործունեության արդյունքում վերջնականապես կորցրեց իր չեղած քաղաքական դիմագիծը։
Հիմա՝ ավելի կոնկրետ։ Վերջին օրերին ԱԱԾ-ի և ոստիկանության մասին օրենքներում փոփոխություն անելու նախագիծը «հորով-մորով» անելուց հետո Մարուքյանն ու թիմակիցները հնարավոր բոլոր տարբերակներով փորձում էին արդարանալ և հանրությանն ապացուցել, որ իրենք, այնուամենայնիվ, ոչ թե «գրպանային», այլ՝ կառուցողական և իրական ընդդիմություն են, ուղղակի որոշ դրվագներում աջակցում են իշխանություններին, սա՝ միայն առաջին հայացքից, իրականում այստեղ առկա են մի քանի լուրջ ենթատեքստեր։
Նախ՝ Մարուքյանն ինչքան էլ փորձի կառուցողական դաշտում ինչ-ինչ դատողություններ անել, միևնույն է՝ այդպես էլ չի կարողանա թոթափել Փաշինյանի փոշին և շարունակելու է դիտարկվել նրա գործունեության շրջանակում։ Ինչքան էլ իշխանությունների կողմից «թուք ու մուր» ստացան, միևնույն է՝ փաստը մնում է փաստ, որ «լուսավորականները» չունեն ոչ սկզբունք, ոչ էլ քաղաքական բարոյականություն։ Դեռևս նախորդ իշխանատենչ հետքը չմաքրած՝ նախօրեին էլ հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշում է կայացրել, որ կողմ է քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջարկված «ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագծին։
Այս փաստը վերջնականապես ապացուցում է Մարուքյանի ու թիմակիցների պսևդոքաղաքական կերպար լինելը։ Տեղի ունեցած գործընթացներից կարող են փաստել, որ Մարուքյանն ակնհայտ վա-բանկ է գնում, ինչը մի կողմից՝ կարող է հանգեցնել «քաղաքական ինքնասպանության», մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նա ունի քաղաքական ընդգծված շահեր, որը կարող է արտահայտվել նրա ղեկավարած կուսակցությանն իշխանությունների կողմից որոշակի աջակցություն ցուցաբերելուց։
Միաժամանակ ընդգծենք, որ ներկա փուլում Նիկոլի դիրքերը նկատելիորեն թուլացել են և առաջիկայում չի կարելի բացառել կոալիցիոն ֆորմատների մասին գաղափարների ի հայտ գալու հանգամանքը, իսկ Մարուքյանից լավ տարբերակ նրա համար այս շրջանում դժվար թե հայտնվի, քանի որ նա համապատասխանում է «քաղաքական հաճախորդի» բոլոր նորմերին։ Տեղի ունեցող զարգացումները վկայում են այն մասին, որ Փաշինյանը «կքում է» իշխանության բեռի տակ, և իր համար ներկա փուլում փրկօղակ է պետք։
Հենց այս ամենը հաշվի առնելով՝ Մարուքյանը փորձում է մխրճվել այդ հանգույցի մեջ և ինքնադրսևորվել ու հաճոյանալ իշխանական բուրգին։ Ի դեպ, դա «Լուսավոր Հայաստանի» համար կլինի իդեալական տարբերակ, հիշենք, որ նրանք արդեն մեկ անգամ ծառայել են փաշինյանական կառավարությանը, և հավանաբար քաղցր են իշխանական ժամանակվա հուշերը, և նրանք ամեն կերպ փորձում են մանևրել այս տրամագծի շրջագծում։
Այնուամենայնիվ, եթե այս պարտիայում նրա մոտ ինչ-որ բան ստացվի, շատ լավ, եթե չստացվի՝ նա կփորձի հանրությանը ներկայացնել, որ ինքն է այն քաղաքական լուրջ բևեռն ու հակակշիռը, որը կարող է պայքարել Փաշինյանի իշխանության դեմ, և նման «ֆեյք ռասկլադով» կփորձի իրենով անել Փաշինյանի ձայների որոշակի հատվածը։ Փաստացի սա է «Լուսավոր Հայաստանի» հաշվարկը, ուրիշ ոչինչ, և հենց դրա համար նա պատրաստ է վճարել ցանկացած գին և գնալ ցանկացած զոհողության՝ «ժերտվաներ» տալով։
Արման Գալստյան