«Ոչ մեկն իրավունք չունի ասել՝ ուսադիրները նետեց աղբամանը, ես էլ եմ ուսադիր կրել». Սասուն Միքայելյան
«ԱԱԾ նախկին պետն իմ ընկերն է, ճանապարհ ենք անցել, իմ ընկերն էլ մնալու է»,- այս մասին լրագրողներին ասաց այսօր մեկնարկած զորավարժանքների շրջանակում Աբովյան այցելած ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հարցին, թե ո՞ւմ էր ուղղված ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի սթափության կոչը` Միքայելյանն ասաց.
«Բոլորս պիտի սթափվենք, բոլորս, որովհետև գիտեք, թե այս զորահավաքը ինչի համար է: Վաղը եթե համախմբված չլինենք, պատկերացրեք` թշնամին ինչ է… իզուր չի, որ այսքան տարի թշնամին զինվում է: Մեր գերխնդիրն այսօր համախմբվելն է»:
Այնուհետև Միքայելյանը շարունակեց՝ Ադրբեջանին թող չթվա, որ հավասար մարտում ենք հաղթել իրեն: «Ոչ, մենք հաղթել ենք անհավասար մարտում` և թվաքանակով, և զինտեխնիկայով: Հաղթել ենք, ազատագրել ենք, վտանգը հեռացրել ենք Արցախի ժողովրդից, բուֆերային գոտի է ստեղծվել, ապահովել ենք Արցախ աշխարհի անվտանգությունը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ-ում ասածին, թե իր այդ հայտարարությամբ Արթուր Վանեցյանն «աղբամանը նետեց իր ուսադիրները», Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Ոչ մեկն իրավունք չունի ասել՝ ուսադիրները նետեց աղբամանը, ես էլ եմ ուսադիր կրել»:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ