«Նա, ով չի սիրում «Լիվերպուլին», չունի սիրտ». Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ելույթ է ունեցել լավագույն մարզիչ ճանաչվելուց հետո:
«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ շատ մարդկանց: Ես կսկսեմ իմ ընտանիքից, որը հավանաբար տանը նստած է և հեռուստացույցով է դիտում: Ոչ ոք չէր սպասում դա քսան տարի առաջ, տասը տարի առաջ, հինգ տարի առաջ, գուցե չորս տարի առաջ:
Եվ որքան մոտ է ամեն ինչ:
Մաուրիսիո (Պոչետինոն), մենք հաղթեցինք այդ խաղում: Հետևաբար՝ ես այստեղ եմ, իսկ դուք՝ ոչ: Սա ֆուտբոլ է: Բայց մենք շատ լավ գիտենք, թե ինչ անհավատալի աշխատանք եք կատարել, ինչպիսի անհավատալի աշխատանք է կատարել Պեպը (Գվարդիոլան), ինչպեսև շատ այլ մարզիչներ:
Ես պետք է ասեմ շնորհակալություն իմ զարմանալի ակումբին՝ «Լիվերպուլին»: Նա, ով մեզ չի սիրում… նա չունի սիրտ: Լավ, դա ճիշտ չէ, կարող եք սիրել այլ ակումբներ: Ես պետք է ասեմ շնորհակալություն այն սեփականատերերին, ովքեր ինձ համար զարմանալի թիմ են ստեղծել:
Դե, առանձին՝ ես պետք է շնորհակալություն հայտնեմ իմ թիմին: Որպես մարզիչ՝ դուք կարող եք միայն այնքան լավը լինել, որքան ձեր թիմը: Թիմային ներուժը մի բան է, բայց դա գիտակցելն այլ բան է: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ խաղացողների նման խմբավորում:
Այո, իհարկե, սա անհատական մրցանակ է, բայց ես այստեղ եմ` շատ մարդկանց աջակցության շնորհիվ: Անցյալը լավն էր, ներկան՝ ևս, հույս ունեմ՝ և ապագան կլինի այդպիսին:
Բայց շատ մարդիկ, որոնք այստեղ չեն, շատ այլ իրավիճակներում են: Եվ ես ուզում եմ հայտնել, որ ես դարձել եմ Common Goal («Ընդհանուր նպատակ») ընտանիքի անդամ: Որոշ մարդիկ գիտեն այդ մասին, բայց ոչ բոլորը: Ով չգիտի՝ փնտրեք Google-ում դա»,- ասել է Կլոպը:
Common Goal-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Խուան Մատայի աջակցությամբ, որը կոչ է անում փոխանցել աշխատավարձի 1%-ը կարիքավորներին օգնելու համար:
Սիրարփի Աղաբաբյան