Երեխաները ֆրանսերեն կուսումնասիրեն նոր դասասենյակում

Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում ֆրանսերենի նոր գունավոր դասասենյակը աշակերտների  մեծ երազանքների կողքին մեկն էլ է ավելացրել. ուզում են  ֆրանսերեն լավ սովորել, որ գնան Ֆրանսիան տեսնեն:

Այս դասասենյակում դեռ մեկ ամիս առաջ միայն փայտյա աթոռներ, գրատախտակ ու մի հին պահարան էր:  «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամն ու «Կայուն զարգացման հայկական հիմնադրամը» գունավորել են դպրոցի դասասենյակներից մեկը: Դպրոցում սովորող երեխաներն արդեն սկսել են կարդալ Ֆրանսիայից բերված գունավոր գրքերը: Մինչև տարեվերջ այստեղ սովորող բոլոր երեխաները կկարողանան ֆրանսերեն կարդալ:

«Երեխաները մեծ ոգևորությամբ ուսումնասիրում են գրքերը, որոնք Ֆրանսիայից են բերվել: Անհրաժեշտ բոլոր տեխնիկան այժմ իրենք ունեն. համակարգիչ, պրոյեկտոր, էլեկտրոնային գրատախտակ, հեռուստացույց, ինչը, բնականաբար, ավելի՛ արդյունավետ, ավելի՛ հետաքրքիր կդարձնի այստեղ անցկացվող դասաժամերը:  Այս դպրոցում շուրջ 500 աշակերտ է սովորում և նրանք ֆրանսերեն լեզուն անցնում են 2-րդ դասարանից, իսկ անգլերենը՝ 5-րդ դասարանից: Այստեղ ֆրանսերենն առաջնային է»,- իր խոսքում նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը:

«Երկու հիմնադրամները ունեն նույն գաղափարախոսությունը: Սա բնագավառ է, որտեղ իրոք կարիքը կա ներդրում անելու: Երեխաների էնտուզիազմը ինձ ոգևորում է ու ավելի մեծ է դարձնում ցանկությունը, որ ծրագիրը շարունակական լինի»,- իր խոսքում նշել է «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը:

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2015թ.-ին՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, Ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս