Բրիտանական խորհրդարանն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 25-ին
Բրիտանական խորհրդարանի Համայնքներիի պալատի խոսնակ Ջոն Բերքոուն սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ խորհրդարանը չորեքշաբթի կվերսկսի իր աշխատանքը ժամանակավոր դադարից հետո: Ելույթ ունենալով Sky News-ի հեռուստաալիքի ուղիղ եթերում, Բերքոուն ասել է, որ միջոցներ է ձեռնարկել, որպեսզի պալատի հաջորդ նիստն սկսվի սեպտեմբերի 25-ին տեղական ժամանակով 11:30-ին (Երեւանի ժամանակով 14:30-ին):
«Ես հրահանգել եմ Համայնքների պալատի պատասխանատու անձանց անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի վաղը պալատի նիստը կայանա 11:30-ին: Ես կապվել եմ կուսակցությունների ղեկավարների հետ, եւ եթե նման հնարավորություն չի եղել, կուսակցությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց տեղեկացնեմ իմ տեսակետի մասին»,- հավելել է Բերքոուն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը, ինչի մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը:
«Վարչապետի որոշումն անօրինական էր, իրավաբանական ուժից զուրկ»,-ասել է նա, հավելելով, որ դա Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումն է: Այս ատյանի դատավճիռը, որը գանգատարկման ենթակա չէ, դարձել է Ջոնսոնի կառավարության լուրջ պարտությունը:
Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կոչ է արել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հրաժարական տալ: «Ես կոչ եմ անում անհապաղ վերականգնել խորհրդարանի աշխատանքը»,-ասել է նա: Ջոնսոնի հրաժարականն են պահանջել նաեւ ընդդիմադիր այլ կուսակցությունների, այդ թվում՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության եւ «կանաչների» կուսակցության ներկայացուցիչները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: