Իսպանիայի թագավորը հրամանագիր է ստորագրել խորհրդարանի արձակման և ընտրությունների նշանակման մասին
Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորը սեպտեմբերի 24-ին ստորագրել է հրամանագիր խորհրդարանի երկու պալատների արձակման եւ նոյեմբերի 10-ին նոր ընդհանուր ընտրությունների նշանակման վերաբերյալ: Այդ մասին ասված է Պատգամավորների կոնգրեսի (խորհրդարանի ստորին պալատի) մամուլի տեղեկագրում:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 24-ին Կառավարական պաշտոնական տեղեկագրում հրապարակումից հետո:
Ընթացիկ տարվա ապրիլի 28-ին թագավորությունում արդեն կայացել է ընտրողների կամարտահայտումը, որի արդյունքներով հաղթանակ է տարել վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսի Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը (ԻՍԲԿ): Այնուամենայնիվ քաղաքական ուժն աթոռների բացարձակ մեծամասնություն չի ստացել Պատգամավորների կոնգրեսում, որպեսզի Սանչեսին ինքնուրույն հաստատի նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում:
Չնայած անհրաժեշտ աջակցության բացակայությանը, ԻՍԲԿ-ի առաջնորդը փորձել է կառավարություն կազմելու համար ստանալ Կոնգրեսի վստահությունը: Արդյունքում Կոնգրեսը չի հաստատել նրա թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ԻՍԲԿ-ի բանակցությունները պոտենցիալ դաշնակցի՝ «Պոդեմոս» («Մենք կարող ենք») ձախ կուսակցության հետ չի պսակվել հաջողությամբ: Այդ քաղաքական ուժը պնդել է, որ կազմվի կոալիցիոն կառավարություն, ինչի դեմ է սոցիալիստական կուսակցությունը:
Ըստ երկրի Սահմանադրության՝ խորհրդարանական խմբերը պետք է այդ հարցի շուրջը համաձայնության գային մինչեւ սեպտեմբերի 23-ը: Քանի որ դա տեղի չի ունեցել, այժմ երկրին սպասում են վերջին չորս տարում չորրորդ ընդհանուր ընտրությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: