«Անհանգստանալու կարիք չկա, ուղղակի ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը». Տոնոյան
Ապրիլյան գործողությունների ժամանակ զորահավաք չի հայտարարվել, զինապարտներ չեն զորակոչվել: Ապրիլյան գործողությունների ժամանակ «Երկրապահը» և այլ հասարակական կազմակերպություններ պարզապես կամավոր իրենց ցանկությունն են հայտնել՝ ներգրավվելու մեր հայրենիքի և Արցախի պաշտպանության գործին: Մինչդեռ այսպիսի զորահավաքային վարժանքներ, որին հազարավոր մարդկանց ներգրավում ենք, նման բան չի եղել: Այս մասին Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում տեղակայված հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով սեպտեմբերի 24-ին մեկնարկած «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությանը:
«Ես շատ շնորհակալ եմ, որովհետև ընդամենը 6 ժամ հետո հազարավոր զինապարտներ ներկայացան զինկոմիսարիատներ և հավաքակայաններ»,- ասաց նա:
Նախարարն արդյունքներից գոհ է: Նրա խոսքով՝ անսպասելի էր դրսևորված մեծ հետաքրքրությունը, որը հասարակական մեծ շարժում է հիշեցնում, ինչը բացատրական և տեղեկատվական աշխատանքի արդյունք է:
«Իրականում ստուգվում է կենտրոնացված ղեկավարման, կառավարման համակարգը: Ստուգվում են մեր զորահավաքային պլանները, մարզպետարանների, ՏԻՄ-երի պլանները: Մենք ստուգում ենք` արդյո՞ք այն տրանսպորտային միջոցները, որոնք կցագրված են, առկա են: Եթե առկա են, տեխնիկապես պատրա՞ստ են գործողություններ իրականացնելուն: Այս ամեն ինչը, որն արվում է, իրականում աննախադեպ է: Անհանգստանալու կարիք չկա, ուղղակի ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը»,- վստահեցրեց Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն անցկացվող զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահամալրային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը և ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: Զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 5-ը:
Հավելենք, որ առավոտյան ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը` ՀՀ-ում պայմանական ռազմական դրություն հայտարարելու մասին, ըստ որի՝ զինված ուժերի կառավարման մարմինները և զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի՝ համապատասխան սահմանափակումներով: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի ենթակայության տակ են անցել ՀՀ ոստիկանության և սահմանապահ զորքերը, որոնք պատրաստ են կատարելու առաջադրվող խնդիրները:
Զինված ուժերի և զորամիավորումների կառավարման կետերում ճշտվում են ծավալման և կիրառման խնդիրները:
ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող ուժերն ու միջոցները, որոնք բավարարում են առաջադրված խնդիրների կատարմանը, շարունակում են մարտական հերթապահության (պետական սահմանի պահպանության) իրականացումը, միաժամանակ ապահովում են զորքերի վերախմբավորման կատարումը և պաշտպանության անցնելը:
ՀՀ բոլոր զինվորական կոմիսարիատները պատրաստ են լրիվ ծավալով զորքերի լրահամալրում և զորահամալրում իրականացնելուն և արդեն իսկ կատարում են համապատասխան աշխատանքներ:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ