Ընդդիմությունը պահանջել է վարչապետ Ջոնսոնի անհապաղ հրաժարականը
Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կոչ է արել վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ հրաժարական տալ Գերագույն դատարանի այն որոշման լույսով, որ նրա կողմից խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական է եղել։
«Ես կոչ եմ անում անհապաղ վերականգնել խորհրդարանի աշխատանքը»,-ասել է նա: Ջոնսոնի հրաժարականն են պահանջել նաեւ ընդդիմադիր այլ կուսակցությունների, այդ թվում՝ Շոտլանդիայի ազգային կուսակցության եւ «կանաչների» կուսակցության ներկայացուցիչները:
Իր հերթին Մեծ Բրիտանիայի Համայքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն հայտարարել է Միացյալ Թագավորության խորհրդարանի աշխատանքն շտապ կարգով վերականգնելու անհրաժեշտության մասին: «Ես ողջունում եմ Գերագույն դատարանի որոշումն այն մասին, որ խորհրդարանի աշխատանքի կասեցումն անօրինական է եղել: Համայնքների պալատը պետք է հավաքվի առանց հապաղելու: Այդ նպատակով ես այժմ շտապ կարգով խորհրդակցում եմ կուսակցությունների ղեկավարների հետ»,-ասել է նա:
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը, ինչի մասին սեպտեմբերի 24-ին հայտարարել է Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը:
«Վարչապետի որոշումն անօրինական էր, իրավաբանական ուժից զուրկ»,-ասել է նա, հավելելով, որ դա Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումն է:
Այս ատյանի դատավճիռը, որը գանգատարկման ենթակա չէ, դարձել է, Ջոնսոնի կառավարության լուրջ պարտությունը, որն այժմ ստիպված կլինի վերականգնել օրենսդիր մարմնի աշխատանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: