
ԱՄՆ-ը ՌԴ-ի պատվիրակությանն այցագրեր չի տվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ուղեւորվելու համար

Ռուսաստանի պատվիրակության տասն անդամներ ամերիկյան այցագրեր չեն ստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳ նախարարությանը:
Ամերիկյան կողմը հայտարարել է, որ այցագրերը չեն տրամադրվել տեխնիկական պատճառներով, ռուսական կողմն այդ պնդումները ճիշտ չի համարում: Մոսկվան բողոք է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մեկնող Ռուսաստանի պատվիրակության անդամներին ամերիկյան այցագրեր չտրամադրելու կապակցությամբ, ինչի մասին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին: Նա պատմել է, որ ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալին կանչել են ԱԳ նախարարություն եւ նրան հայտնել ռուսական կողմի պաշտոնական բողոքը: