Զարգացումներ՝ Պոլսի հայոց պատրիարքի աթոռի շուրջ
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Պոլսի Հայոց պատրիարքարան է ուղարկել Կ. Պոլսի 85-րդ հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը: Այս մասին տեղեկացրել է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշենք, որ այս պահին կանոնադրության բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան:
«Ժամանակ» օրաթերթը սեպտեմբերի 23-ին կապ է հաստատել Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հետ: Նա հաստատել է, որ պատրիարքի ընտրության կանոնագիրն արդեն հասել է պատրիարքարան: Սակայն հարկ չի համարել բովանդակության մանրամասները հայտնել:
Մաշալյանը նշել է, որ նախաձեռնակ մարմինը սեպտեմբերի 23-ի երեկոյան Գում Գափուում հերթական ժողովն էր իրականացնելու՝ հավելելով, որ պատրիարքարանը երեկոյան կայանալիք ժողովի ավարտին կանոնագրի բովանդակության մասին հայտարարություն պետք է պատրաստեր:
Պատրիարքական տեղապահն ընդգծել է, որ ճիշտ չի լինի առաջ ընկնել իրադարձություններից:
Օրաթերթի փոխանցմամբ` այս իրադարձություններին զուգահեռ սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան Ստամբուլի Գում Գափու թաղամասում Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նախագահությամբ պետք է գումարվի Կրոնական ժողով:
Պոլսի պատրիարքի ընտրության շուրջ ծավալվող իրադարձությունների մասին որոշակի տեղեկություն ստանում ենք նաև «Ակոս» շաբաթաթերթից:
Նախօրեին «Ակոսի» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել այն մասին, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կանոնագիր է ուղարկել պատրիարքարան, որի վերաբերյալ Նախաձեռնակ մարմինը հավաքվել է քննարկումներ իրականացնելու:
«Ակոս» շաբաթաթերթի ֆեյսբուքյան մեկ այլ գրառումից տեղեկանում ենք, որ Թուրքիայի ՆԳ նախարարության` պատրիարքարան ուղարկած կանոնագրում պայման կա պատրիարքի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ: Ըստ այդմ` պատրիարքի թեկնածու կարող են լինել միայն Պոլսի հայոց պատրիարքական աթոռին ենթակա եպիսկոպոսները:
Նշվում է, որ նախաձեռնակ մարմինը կանոնադրության ամբողջական տեքստի վերաբերյալ գնահատականի մասին կհայտնի առաջիկա օրերին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրը։
Օգոստոսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Ավելի վաղ լրատվամիջոցներում նշվել էին նաև հավանական թեկնածուների անուններ:
Մինչ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից ուղարկված կանոնագիրը, գոյություն ունեին Պոլսո հայոց պատրիարք ընտրվելու վերաբերյալ մի քանի չափորոշիչներ, որոնցից գեթ մեկին համապատասխանելու դեպքում հնարավոր էր թեկնածություն առաջադրել: Դրանք էին`
• Պատրիարքի թեկնածուն պետք է ունենա Թուրքիայի քաղաքացիություն կամ լինի Թուրքիայի նախկին քաղաքացի:
• Պետք է ծնված լինի Թուրքիայում:
• Պետք է ծառայած լինի թուրքական բանակում:
• Պատրիարք կարող է դառնալ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրված կամ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եպիսկոպոս ճանաչված անձը: