
«Բայց ինքն ի՞նչ է արել մարտի 1-ին, որի համար ինքնասպանություն գործեր». Ռոբերտ Մելքոնյան

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքն անհավատալի համարեց` հաշվի առնելով նրա կամային հատկանիշները, թեպետ երկար տարիներ շփում չի ունեցել:
«Ինքը շատ հավասարակշռված, ամուր բնավորությամբ մարդ էր, նաև բռնցքամարտիկ էր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահն է եղել երկար տարիներ: Մյուս կողմից` մարդը տարբեր իրավիճակներում այս ժամանակահատվածում կարող էր այնպիսի ապրումներ ունենալ, որ ես տեղյակ չեմ»,- նշեց նա:
Մեր հարցին` Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքը կարո՞ղ էր կապ ունենալ «Մարտի 1»-ի գործի հետ, Ռոբերտ Մելքոնյանը պատասխանեց.
«Բայց ինքն ի՞նչ է արել մարտի 1-ին: Իմ կարծիքով` ինքը մարտի 1-ին այնպիսի բան չի արել, որի համար ինքնասպանություն գործեր: Դա իմ կարծիքն է, եթե քննությամբ այլ բան չի պարզվել, որից ես տեղյակ չեմ: Իսկ եթե պարզված լիներ, նա որպես վկա չէր լինի առ այսօր, այլ մեղադրյալ կլիներ»:
ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ