«Մենք պնդելու էինք, պահանջելու էինք, որ նույն բաները պարոն Հարությունյանը դատարանում ներկայացներ». Փաստաբան
Ես չեմ բացառում, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության դեպքը կապված է «Մարտի 1»-ի գործի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Մարտի 1»-ի գործով Յուրի Խաչատուրովի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը: Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով անցնող մարդիկ մահանում են:
«ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով անցնող մարդկանց մահանալը պարբերական բնույթ է կրում: Երկու տարի առաջ, եթե չեմ սխալվում, Արարատի ոսկու հանքերից մեկում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը, Կիևյան կամրջից նետվելով, ինքնասպանություն գործեց, հասարակության ուշադրության կենտրոնում էր նաև Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի», մահվան հանգամանքը, որի դեպքում սլաքներն ուղղվում էին դեպի քննիչները, ում գործողությունների պատճառով անձը գնացել էր քայլերի, որոնց պարագայում ակնհայտ էր, որ ինքն ապրելու հետ խնդիրներ կունենա, կյանքի հետ անհամատեղելի գործողություններ էր կատարել՝ հացադուլը այդ հիվանդության պարագայում: Այսպիսի դեպքեր էլի կան, երբ քննիչի գործողություններին գնահատական չի տրվել: Եթե համադրում եմ, թե ո՞րն է իրականում քննչական մարմնի նպատակը՝ մարդկանցից ցուցմունքներ կորզելը, ես չեմ բացառում, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված եղել նաև Հայկ Հարությունյանի դեպքը:
Ակնհայտ է, որ ՀՔԾ-ի համար անձանց կալանավորելը մեկ նպատակ է հետապնդում՝ ցուցմունք ստանալ, դա ակնհայտ էր նաև ԱԱԾ նախկին պետի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային զրույցի ձայնագրությունից, երբ անձանց ուզում էին կալանավորել, որ ցուցմունք տան, դա ակնհայտ է նաև ՀՔԾ այլ գործողություններից: Այս առումով ոչ մի բան չի փոխվել»:
Փաստաբանը չի բացառում, որ դեպքը կապված է եղել հենց «Մարտի 1»-ի գործով Հայկ Հարությունյանի տված ցուցմունքների հետ, քանի որ, ըստ նրա, դրանք բխել են պաշտպանական կողմի շահերից:
«Ես ոչ թե կարծում եմ, այլ չեմ բացառում, որ դա կարող է կապ ունենալ «Մարտի 1»-ի գործի հետ: Քննչականի նախորդ գործողությունները հաշվի առնելով, անձանց կալանավորելու, մեղադրանք առաջադրելու նպատակները նայելով՝ ես չեմ բացառում նաև այդ վարկածը, ես նաև մամուլից տեղեկացա, որ Հայկ Հարությունյանը անձամբ է հայտարարել իր շրջապատում, որ քննչական մարմինը իրենից ցուցմունքներ է ուզել: Հիմա եթե այս ամենը համադրում ենք, ես չեմ բացառում, որ կապված լինի, ամեն դեպքում, Հայկ Հարությունյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը լրիվ պաշտպանական կողմի դիրքերից խոսող ցուցմունք էր, այսինքն՝ մենք պնդելու էինք, պահանջելու էինք, որ նույն բաները պարոն Հարությունյանը դատարանում ներկայացներ, թե իրականում ի՞նչ է եղել այդ օրերին, սակայն այսպես ստացվեց, ինչի համար շատ ցավում եմ»:
Միհրան Պողոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել էր, որ նախկին ոստիկանապետն իրեն դրսևորել է՝ ինչպես իսկական գեներալ-գնդապետը: Մեր հարցին, թե նախկին ոստիկանապետի հատկապես ո՞ր գործողություններին է վերաբերում նրա այս պնդումը, փաստաբանը մանրամասնեց:
«Անձը շատ երկար հարցաքննվել է, և իրականությունը, թե ինչ է եղել այդ օրերին Երևանում, շատ պարզ ներկայացրել է, չեմ բացառում, որ այդ ժամանակ ևս ճնշումների ազդեցության տակ է եղել, սակայն ճնշումներին չի տրվել և հասանելի ձևով ներկայացրել է, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում Երևանում, և ոստիկանության գործողությունները: Այսինքն՝ իմ ասածը, որ դրսևորել է իրեն որպես իսկական գեներալ գնդապետ, իր ենթատեքստում ունի այն, որ օբյեկտիվ իրականությունից զատ՝ որևէ այլ հանգամանք, վիճարկվող հանգամանք չի ներկայացրել»:
Հիշեցնենք՝ այս գիշեր ժամը 23։30-ի սահմաններում Բջնիի իր տանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Ոստիկանության նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ