Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է վերադառնալ Ուկրաինա
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտպանությունն աշխատում է հասնել այն բանին, որ նա անվտանգ վերադառնա Ուկրաինա: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը։
Սեպտեմբերի 23-ին Կիեւի Վճռաբեկ դատարանն սկսել է Յանուկովիչի նկատմամբ պետական դավաճանության գործով դատավճռի բողոքարկման քննարկումը: «Նա այժմ ժամանակավորապես գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ պաշտպանության կողմից իրականացվում են միջոցառումներ, որոնք կապահովեն հայրենիքում նրա գտնվելու հնարավորությունը»,- ասել է նա լրագրողներին ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում:
Հունվարի 24-ին Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը հեռակա կարգով Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության եւ ագրեսիվ պատերազմ վարելուն աջակցելու մեջ ու նրան դատապարտել է 13 տարվա ազատազրկման: Յանուկովիչն ինքը չի մասնակցել գործընթացին, 2014 թվականի փետրվարից նա բնակվում է Ռուսաստանում: Ուկրաինայի նախկին նախագահը պնդում է, որ դատավճիռն ընդհանուր ոչինչ չունի օրենքի հետ, իսկ դատական գործընթացը եղել է «քաղաքական պատվեր», հաղորդել է ՏԱՍՍ-ը: