«Նմանատիպ հայտարարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել». Ավինայնը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին

«Ես կարող եմ հղում անել պարոն վարչապետի հայտարարությանը, այստեղ անձամբ իմ լիազորություններից ելնելով ավելացնելու որևէ բան չունեմ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականի և դրանից հետո Վանեցյանի հնչեցրած գնահատականի հետ։

Նա դժվարացավ ասել, թե ԱԱԾ նախկին պետն ինչ պայմանավորվածությունների մասին է խոսում իր տված գնահատականներում։

«Կարող եմ միայն ասել, որ ցավով եմ հետևում պարոն Վանեցյանի հայտարարությունների շարքին, կարծում եմ՝ պետական պաշտոնյան իր պաշտոնից հեռանալուց հետո նույնիսկ չպետք է նման ձևով հեռանա և նման հայտարարություններ անի, իսկապես այդ ամենին ցավով եմ հետևում։ Նմանատիպ պաշտոնանկությունից հետո նմանատիպ հայտարությունները ոչ միայն սպային, այլև շարքայինին պատիվ չեն կարող բերել, նմանատիպ հեռացումը ուղղակիորեն ինձ համար անհասկանալի է և անընդունելի»,- շեշտեց փոխվարչապետ Ավինյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ԱԱԾ պետի հնարավոր թեկնածուի հարց չի քննարկվում, միայն նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։

Ինչ վերաբերում է Վանեցյանի հրաժարականի տեքստում տեղ գտած «Կանգ առ» կոչին, որը նա հնչեցնում էր որպես սթափեցում, Տիգրան Ավինյանն ասաց, որ Վանեցյանն իր հարցազրույցում չէր հիշում, թե այդ տեքստում ինչ էր գրված, հետևաբար իրավունք չունի այն մեկնաբանելու։

Անդրադառնալով նույն տեքստը կայքից հեռացնելուն, փոխվարչապետը նկատեց՝ և՛ Վանեցյան, և՛ Օսիպյանի պաշտոններից հեռացնելը վարչապետի որոշմամբ են եղել։
«Վարչապետն է նախապես որոշել, որ Օսիպյանն ու Վանեցյանը պետք է հեռանան իրենց պաշտոններից։ Սա շատ կարևոր արձանագարում է, հետագա բոլոր մեկնաբանություններն այս տրամաբանության մեջ պետք է լինեն»,- ընդգծեց Տ. Ավինյանը և հավելեց, որ այլ պաշտոնանկությունների հարց այս պահին չի քննարկվում։

168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է՝ Վանեցյանը թողնի նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ։
Հաջորդ հարցին՝ ի՞նչ հարաբերություններ է ունեցել Վանեցյանի հետ, քանի որ ամիսներ առաջ մամուլը գրեց, որ նրանց հարաբերությունները խիստ լարված են, Տ. Ավինյանը պատասխանեց, որ մամուլում շատ լուրեր են շրջանառվում.

«Կարծում եմ՝ այստեղ մամուլը հերթական անգամ մի ֆեյք լուր է իր համար գտել, որն իրականությանը չի համապատասխանում»:

Նրա դիտարկմամբ, Արթուր Վանեցյանի հրաժարականի թեման արդեն սպառված է և նորից վերադառնալ և այդ ամենը մեկնաբանել, անիմաստ է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս