Բաժիններ՝

Հակոբը դիմացավ մրցումային լարվածությանը. Վիգեն Խաչատրյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանի կարծիքով, Հակոբ Մկրտչյանին հաջողվեց դիմանալ մրցումային լարվածությանը և դարձավ աշխարհի չեմպիոն:

«Հակոբի հնարավորությունները սպասված էին, սակայն մինչև չի գալիս և չի բարձրացնում ծանրաձողը չենք կարող համոզված խոսել: Մենք գիտեինք հակառակորդներին, գիտեինք նրանց կիլոգրամները և գիտեինք, թե ինչ կիլոգրամներ կարող ենք բարձրացնել մենք: Սակայն Հակոբի դեպքում պետք էր ապացուցել, որ կարող է: Հակոբը դիմացավ մրցաշարի ճնշմանը, Անդրանիկը` ոչ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Խաչատրյանը:

Մարզիչը խոսեց նաև Անդրանիկ Կարապետյանի անհաջող ելույթից՝ շեշտելով, որ Կարապետյանը մարզումներին լավագույններից մեկն է եղել մարզադահլիճում, սակայն մրցումների ժամանակ ինչ-որ պահի հոգեբանորեն պատրաստ չի լինում: «Մենք Անդրանիկի հետ շարունակելու ենք աշխատել: Նա հավաքականում ամենաուժեղներից մեկն է և շատ է աշխատում»,- շեշտեց նա:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) պոկեց 167 կգ և հրեց 208 կգ: Երկամարտի 375 կգ արդյունքով Մկրտչյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Վերջինս այս տարի դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ, սակայն երկամարտում զրո ստացավ:

Վարվառա Հայրապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս