Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել միջուկային նոր համաձայնագրի շուրջ. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պնդում է, որ «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) երկրները չեն կատարում միջուկային գործարքով ստանձնած իրենց պարտավորությունները, ինչի կապակցությամբ Թեհրանը ներկայում մտադիր չէ բանակցություններ վարել միջուկային նոր համաձայնագրի կնքման հնարավորության շուրջ։
«Առանց ԱՄՆ-ի թույլտվության միջուկային գործարքով իրենց հանձնառությունները կատարելու առումով «եվրաեռյակի» անօգնականությունն ակներեւ է 2018 թվականի մայիսից»,- սեպտեմբերի 23-ին գրել է նա իր Twitter-ում: Զարիֆի խոսքով՝ եվրոպական երկրներն ընդօրինակում են ԱՄՆ-ին՝ Իրանին առաջադրելով «անհեթեթ պահանջներ», որոնք «անհամատեղելի են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ»: «Ոչ մի նոր գործարք չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարվում ներկայիս գործարքը»,- ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը, որը գտնվում է Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի միջոցառումներին: