Բաժիններ՝

Ֆրանսիան, ԳԴՀ-ն և Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել են սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակվելու մեջ

Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Էմանունել Մակրոնը, Անգելա Մերկելը եւ Բորիս Ջոնսոնը համոզված են, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ գրոհի հետեւում կանգնած է Իրանը: Այդ մասին ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բունդեսթագի կայքում:

Բացի դրանից, Մակրոնը, Մերկելը եւ Ջոնսոնը, որոնք բանակցություններ են վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, Թեհրանին կոչ են արել՝ խուսափել սադրանքներից եւ շեշտը դնել վիճելի հարցերի շուրջը երկխոսության վրա:

«Մեզ համար պարզ է, որ Իրանն է կրում պատասխանատվությունն այդ հարձակման համար: Այլ ճշմարտանման բացատրություն չկա: Մենք պաշտպանում ենք կատարվող հետաքննությունները, որպեսզի պարզենք հետագա մանրամասները»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները նշել են, որ թեեւ գրոհներն ուղղված են եղել Սաուդյան Արաբիայի դեմ, դրանք վերաբերում են բոլոր պետություններին եւ մեծացնում են խոշոր բախման ռիսկը:

Բացի այդ, նրանք Թեհրանին կոչ են արել՝ վերադառնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ) ստանձնած պարտավորությունների կատարմանը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս