Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հունիսի 20-ի վաշինգտոնյան հանդիպումից հետո զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հնարավորություններին:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպման շուրջ, ինչպես նաև անդրադարձել են համանախագահների օրացույցում նախատեսված առաջիկա քայլերին: