«Հավատացած եղեք, Ազգային անվտանգության սպան երբեք հենց այնպես նման հայտարարություններ չի անում». Կոստանյանը՝ Վանեցյանի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը բլից զրույց է անցկացրել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համալսարանի դասախոս Գեւորգ Կոստանյանի հետ:
– Ի՞նչ կասեք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
– Ծանոթ եմ հրաժարականի վերաբերյալ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Ինքս որպես արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ), շատ լավ հասկանում եմ, թե ինչ ինկատի ունի Վանեցյանը, երբ սպայի պատվին հղում կատարելով մտահոգություն է հայտնում երկրի ճակատագրի մասին:
Հավատացած եղեք, որ իր ամբողջ կյանքը ուսադիրների տակ անցկացրած մարդը, այն էլ Ազգային անվտանգության սպան, երբեք հենց այնպես նման հայտարարություններ չի անում, պարզապես՝ իր կարգավիճակը կաշկանդել է շատ բաների մասին խոսել հրապարակայնորեն, բայց որպես երկրի անվտանգության համար պատասխանատու անձ, զգուշացնել պարտավոր էր:
Վանեցյանին ճանաչում եմ երկար տարիներ, որպես ազգային անվտանգության սպա, ինչպես նաև ծանոթ եմ վերջին շրջանում Հայաստանի սահմաններից դուրս, որպես ԱԱԾ տնօրեն նրա ձեռք բերած հեղինակությանը՝ նաեւ հետախուզության եւ հակահետախուզության մասով:
– Ի՞նչն էր Ձեր կարծիքով Փաշինյանի և Վանեցյաին հռետորաբանության կոշտության պատճառը:
– Գիտեք Հայաստանում միշտ տպավորություն է եղել, որ բարձրաստիճան պաշտոնյան պետք է ծառայի իշխանությանը եւ այդ պատճառով եթե նման որեւէ մեկը գործող իշխանությունից տարբերվող կարծիք է արտահայտել, համարվել է անընդունելի: Իհարկե շատ կան պաշտոնյաներ, որոնք տվյալ պահի իշխանությունների քիմքին հաճելի են գործում եւ գնահատվում են նաեւ այսօր: Բայց չպետք է մոռանալ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ Հայաստանը՝ հավերժ:
Պատմությունն է ցույց տալու թե, ով ինչպես էր պաշտպանում Հայաստանի շահը ու իրականում ում ծառայություն է օգուտ բերել Հայաստանին, իսկ ումը՝ վնասել: Իմ համոզմամբ, Վանեցյանը երբեք չի ծառայել որեւէ իշխանության. ծառայել ծառայում եւ ծառայելու է պետութանը: Եվ ընդհանրապես, գենելարը եւ սպան՝ կլինի բանակում, թե իրավապահ մարմիններում, պետք է ծառայի ոչ թե իշխանությանը, այլ երկրին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: