Գործարքի «քավորը» պատգամավորի թեկնածու է եղել
168.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում (ՊՆ) լուրջ սկանդալ է հասունանում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակված է, որպեսզի ՊՆ-ն գնումների գործընթացի արդյունքում համաձայնի օգտվել իրանական դիզվառելիքից, որի որակը, ըստ կարծիքների, բավական ցածր է, և հատկապես ձմռանն այն կարող է օգտագործման համար պիտանի չլինել։ Պաշտպանության նախարարությունը, ըստ մեր աղբյուրների, մինչ այդ երբեք իրանական դիզվառելիք չի օգտագործել։
Ասում են, որ, այսպես ասած՝ այս գործի գլխին կանգնած է 2018թ. դեկտեմբերի 9-ին իշխանական «Իմ քայլը» դաշինքով առաջադրված և պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը։ Վերջինս պատգամավորության թեկնածու էր առաջադրվել Արարատի մարզում և «Իմ քայլը» դաշինքի ցուցակում 162-րդ տեղն էր զբաղեցնում։ Նրա մասին ասվում էր, որ 2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով կուսակցության համախոհ:
Նույն աղբյուրները նշում են, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվել է դիզվառելիքի հարցով ճնշել ՊՆ ղեկավարությանը, նախարարին, սակայն հասկանալով վտանգներն ու վնասները՝ այս գործարքին խիստ դեմ է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարությունը։ Ըստ կարծիքների՝ իրանական վառելիքը որակապես չի համապատասխանում Հայաստանի ընդունած չափանիշերին։
Հ.Գ. Ռոման Մուրադյանը ոչ թե «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր է, այլ եղել է «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու: 168.am-ը ներողություն է հայցում իր ընթերցողներից՝ հրապարակման մեջ նրան ներկայացնելով որպես պատգամավոր: