Լարսում Ռուսաստանից Հայաստան եկող բեռնատարների մնալու պատճառը մեքենաների ծանրաբեռնվածությունն է. Էկոնոմիկայի նախարարություն
Վերին Լարսում հայկական բեռնատարներ են մնացել, պատճառը դրանց ծանրաբեռնվածությունն է: Այս մասին 168.am-ին հայտնեց Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Հիմնականում խնդիրը ոչ թե Հայաստանից դուրս եկող, այլ Ռուսաստանից Հայաստան եկող մեքենաների հետ է կապված, դրանք ոչ միայն հայկական մեքենաներ են: Լարսի անցակետից մեզ տեղեկացրին, որ դրանց թիվը 1000-ի չի հասնում: Խնդիրը բեռնատարների գերծանրաբեռնվածությունն է: Մենք պատրաստվում ենք հաղորդագրություն տարածել և մեր բեռնափոխադրողներին հիշեցնել, թե որո՞նք են նորմաները: Խնդիրն ընդամենը գերծանրաբեռնվածությունն է՝ բեռները չեն համապատասխանում սահմանված նորմաներին: Խնդիրը «осевой перегруз»-ն է, երբ այն նորմաներին չի համապատասխանում, համապատասխան միջոցառումներ են ձեռք առնվում»:
Աննա Օհանյանը մեզ տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ են Լարսի անցակետի հետ, և փորձում են գտնել ամենաարդյունավետ լուծումները: Մեր հարցին, թե վարորդներն ամեն դեպքում ստիպված կլինե՞ն վճարել տուգանք ավել բեռի համար, Աննա Օհանյանը պատասխանեց, որ ամեն ինչ արվելու է օրենքով սահմանված կարգով.
«Եթե իրենց բեռները չեն համապատասխանում սահմանված նորմաներին, ապա կիրառվում են համապատասխան օրենքով սահմանված մեթոդներ»:
Ավելի վաղ բեռնատարների վարորդները NEWS.am-ին հայտնել էին, որ արդեն մեկ շաբաթ է՝ 1000-ից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս-վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում, նրանց խոսքով՝ ռուսական կողմն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար՝ մինչև 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։ Ռուսական մաքսային ծառայության աշխատակիցները վարորդներին ասել են, որ իրենց մեքենաները գերծանրաբեռնված են, ինչի հետ վարորդները համաձայն չեն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ