Անձնական վրեժխնդրության և հոգեբանական բարդույթի ճիրաններում
Համաձայնեք՝ թե քաղաքական, թե ընդհանուր կլիմայի առումով բավականին թեժ աշնան ենք ականատես լինում։ Էպիկ դեպքերը հաջորդում են միմյանց, անգամ չես հասցնում հետևել լրահոսի զարգացումներին։ Ինչպես հայտնի է՝ արդեն երկու օր է՝ շարունակվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, որի օրակարգը, ըստ էության, զուրկ է որևէ քաղաքական բովանդակությունից, քանի որ ԱՄՆ քաղաքական էլիտայի ներկայացուցիչներից ոչ մեկի հետ հանդիպում չի նախատեսվում (հավելենք, որ նույն օրը ԱՄՆ մեկնած Հնդկաստանի վարչապետին, ով հանդիպել է 65 հազարանոց հնդկական համայնքի հետ, հանդիպել է նաև նախագահ Թրամփը)։
Դրա փոխարեն՝ Փաշինյանի արարողակարգն այցը «հագեցրել» է հայ համայնքի տարբեր շրջանակների հետ «բազմաշերտ» ու «բազմաբովանդակ» հանդիպումներով։ Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների հետ կապված իր հերթական հոդաբաշխ հայտարարություններն է արել։ Խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին, նա ասել է.
«Պարոն Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, և այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ. դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք՝ ինչ է, դա նշանակում է՝ ուսադիրները գցել աղբամանը, որովհետև նման բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները»։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Անկախության 28-րդ տարելիցի մաղթանքին էլ է անդրադարձել Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, ոչ թե, որ ես չեմ ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա։ Հայ ժողովուրդը մեկնաբանել է նախկինների գործունեությունը՝ մասնավորապես 2018 թվականին։ Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Իրենք բոլորը պետք է իրենց թալանածը վարդարձնեն։ Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն»։
Այստեղ կանգ առնենք և հասկանանք, թե ո՞րն է Փաշինյանի ագրեսիվ հիստերիայի պատճառը, որն օվկիանոսի այն ափից նման հոխորտալից սպառնալիքների առիթ է տվել։ Նախ Փաշինյանը հղում անելով Սահմանադրությանը, այն խեղաթյուրում է, քանի որ փաստացի ոչ պատերազմական ժամանակահատվածում նա գերագույն գլխավոր հրամանատարը չէ, սա հերթական մանիպուլյացիան է, որն անում է «մանիպուլյացիոն վարպետը»։ Հատկանշականն այն է, որ բանակի և, ընդհանրապես, սպայի պատվի մասին բարձրաձայնում և իր մոտեցումներն է ներկայացնում մի մարդ, ով բացարձակապես պատկերացում չունի ռազմական ծառայության, զինվորական կարգուկանոնի ու պետական անվտանգության մասին։ Համաձայնեք՝ ճղճղան ու «բազարչի» կեցվածքով՝ գեներալից (այն դեպքում, երբ ինքն է գեներալի կոչում շնորհել Ա. Վանեցյանին) բամբասելը ոչ մի կերպ չի համապատասխանում պետության ղեկավարի պահվածքին։ Փաստն այն է, որ Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է արտաբերում ինչ-որ ներքին «սպառնալիք» հիշեցնող արտահայտություններ՝ կարծես թե բոլորին հիշեցնելով, որ երկրում թիվ մեկ «խաղացողն» ինքն է։ Ապացուցված բան է, որ նման վարքագծի դրսևորումը միանշանակ հոգեբանական բարդույթ է, երբ մարդն անընդհատ շեշտում է իր «ղեկավար, գերագույն-գլխավոր հրամանատար» լինելու փաստը, դա մի յուրատեսակ ինքնահաստատման ու ուժի ցուցադրման ժեստ է։
Այս ֆոնին բավականին հետաքրքիր է դիտարկել Վանեցյանի՝ ժամեր առաջ հրապարակած պատասխանը, որը Փաշինյանին՝ իր կառավարության ընթացքում հասցված ամենաշառաչուն ապտակն էր՝ թե քաղաքական, թե իրավական առումով։ Իր խոսքում Վանեցյանը ևս մեկ անգամ Փաշինյանին հորդորում է «խելքը գլուխը հավաքել և ալիքները չխառնել»։
Փաշինյանն անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ հերթական անգամ կորցրեց ինքնատիրապետումը, երբ անդրադարձավ նախկին իշխանություններին։ Փաշինյանի ագրեսիան ակնհայտ էր հատկապես Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ կապված անդրադարձի ժամանակ, երբ նա դարձյալ խոսեց «Քոչարյանի միլիարդների ու կուտակած կարողությունների» մասին։ Ըստ էության մի բան ակնհայտ է՝ դեռևս ապացուցված ոչ մի կոնկրետ փաստ չկա։ Փաշինյանական իշխանությունը դեռևս որևէ ապացույց ոչ միայն «սեղանին» չի դրել, այլև դատարան չի ներկայացրել, որպեսզի ի վերջո ապացուցվի՝ ի վերջո, ինչ ու որքան է թալանվել։ Այստեղ խոսքն այն հերթական միֆի մասին է, որ տարիներ ի վեր թմբկահարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը և նրան հարող շրջանակները, դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, քանի որ Քոչարյանի հետ երկուսն էլ ունեն անձնական խնդիր։
Դա ևս հասկանալի է, քանի որ իր ապրած ողջ տարիների ընթացքում ոչ մի արժեք չստեղծած մարդը, ով միայն հոդված է գրել (շատ հաճախ՝ պատվերով կամ ինչ-որ քաղաքական ուժի կամ որևէ կոնկրետ անհատի շահեր պաշտպանելու նպատակով), չի կարող հասկանալ, թե ինչ է պատերազմը, ինչ է պատերազմով անցած մարդը և ընդհանրապես պետությունն ու պետականությունը։
Իսկ այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը պետություն ասվածից բավականին հեռու է և ոչ մի իրավակիրառ աղերս չունի պետություն ինստիտուտի հետ, դրանում համոզվել ենք իր իշխանության հենց առաջին շաբաթվա ընթացքում։ Խոսելով Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի մասին՝ Նիկոլ Փաշինյանը դարձյալ վերահաստատում է, որ «բոլորը մինչև վերջին կոպեկը պետք է պատասխան տան պետության առաջ»։ Փաշինյանի գործելաոճից պարզ է դառնում մի կարևոր հանգամանք. այն փուլում, երբ նրան ձեռնտու է՝ նա դառնում է «սրտացավ ու ժողովրդի դարդ ու ցավի մասին» մտածող «ժողովրդական վարչապետ», և հենց այդ ժամանակ հրապարակ է նետվում նախորդ «կոռումպացված ռեժիմի» մասին միֆը, և բոլորը լինում են գոհ ու երջանիկ, իսկ այն պահին, երբ պետք է հաշվի առնել ժողովրդի շահն ու կարծիքը (Ամուլսար, Իջևանի դեպքեր), նա դառնում է դաժան և միանձնյա որոշումներ ընդունող դիկտատոր։
Հավանաբար ժողովրդի մասին մտածելով է, որ «ժողովրդական վարչապետն» ԱՄՆ իր այցը կազմակերպել էր մոտ 400 հազար դոլար արժողությամբ չվերթով, այլ ոչ, ասենք, 10-15 հազարանոց։ Այնպես որ, եթե փորձենք ամփոփել, ստացվում է այնպես, որ Փաշինյանն իր համար հնարավոր բոլոր հակառակորդներին փորձում է միանգամից լիկվիդացնել և ամեն տարբերակ օգտագործում է նրանց քաղաքական ամբիցիաները «բլոկելու» համար։
Արմեն Հովասափյան