
Սի Ցզինպինը կոչ է արել Պարսից ծոցի վեճերը լուծել խաղաղ ճանապարհով

Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունը մնում է բարդ, հարկ է, որ կողմերը զսպվածություն դրսեւորեն եւ առկա բոլոր հակասությունները լուծեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը:
Չինաստանի ղեկավարը եւ Իրաքի վարչապետ Ադիլ Աբդուլ-Մահդին Պեկինում հանդիպում են անցկացրել Իրաքի կառավարության ղեկավարի պաշտոնական այցի շրջանակներում: «Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի ներկա իրադրությունը մնում է բարդ եւ զգայուն, համապատասխան բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն եւ զսպվածություն դրսեւորեն»,-հայտարարել է Սի Ցզինպինը, որի խոսքը մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է առկա հակասությունները եւ տարաձայնությունները կարգավորել պատշաճ ձեւով՝ փոխադարձ հարգանքի հիման վրա եւ խաղաղ երկխոսության ճանապարհով, համատեղ ջանքերով ապահովել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: