«ԱԱԾ-ն ԺԷԿ չէ, որ ասես՝ լավ, մեկ շաբաթ էլ որ տնօրեն չլինի՝ աշխարհը շուռ չի գա». Արմեն Բադալյան

«Ուժային կառույցների ղեկավարաների հրաժարականները փորձ կատարվեց նույնականացնել, բայց ընդհանրապես չի կարելի այդպիսի մոտեցում դրսևորել, եթե անգամ արտաքինից դրանք նույնն են: Երբ մենք դիտարկում ենք ԱԱԾ տնօրենի հրաժարականի ձևը, ապա այն շատ հետաքրքիր ձևով տեղի ունեցավ: ՀՀ վարչապետը մամուլի ասուլիս է հրավիրում, հայտնում է, որ ստորագրել է նրան աշխատանքից ազատելու միջնորդագիր, իսկ մի քանի վայրկյան հետո ԱԱԾ արդեն նախկին տնօրենն իր ընդգծված քաղաքական հայտարարությունն է անում, որն ավելի շուտ նման էր դուռը շրխկացնելով փակելուն, քան հրաժարականի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Տարբեր երկրներում ուժային կառույցների ղեկավարները հրաժարական են տալիս, և եթե անգամ առաջին դեմքի հետ համաձայն չեն, ընդունված է չեզոք տեքստ գրելը՝ շնորհակալություն ենք հայտնում նախագահին կամ վարչապետին՝ համատեղ աշխատանքի համար, նրան ցանկանում ենք հաջողություն այս գործերում: Բայց տեսանք, որ սա այդպես չէր, բավականին խիստ տոնով գնահատական տրվեց նաև վարչապետին՝ որոշումները հախուռն են, և այլն: Խիստ տոնով գրված փաստաթուղթ էր, որը նման էր դուռը շրխկացնելով հեռանալուն: Եվ պատահական չէ, որ ՔՊ նիստից հետո անընդհատ փորձում էին համոզել, որ վարչապետն է նրան ազատել աշխատանքից, և ոչ թե՝ նա է հեռացել:

Այստեղ մեկ երանգ կա. նման բովանդակության հրաժարականի դիմում են գրում միայն այն ժամանակ, երբ կամ զգացմունքային անձնավորություն ես, իսկ ԱԱԾ տնօրենը չի կարող այդպիսին լինել, կամ այդ փաստաթղթով ծածկում ես նախկին ինչ-որ մի ժամանակահատված ու բացում նորը:

Չի բացառվում, որ այդ փաստաթուղթը հանդիսանա ԱԱԾ նախկին տնօրենի՝ հնարավոր քաղաքականության մեջ մտնելու գործընթաց: Եթե հրաժարականը ներկայացներ մեկ օր առաջ, ապա վարչապետը դա կօգտագործեր իր ասուլիսի ժամանակ՝ հօգուտ իրեն: Եթե մեկ օր հետո տար, ասուլիսն էլի բավականին կլուսաբանվեր, սակայն ինքը հենց այդ ասուլիսը փակեց:

Իսկ սրա՝ ներքաղաքական կյանքում ազդեցության մասին եթե խոսենք, ապա 1.5 տարվա ընթացքում ներքաղաքական կյանքում երկու հիմնական գործող ուժեր կային. մեկը՝ իշխող թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, մյուսը՝ նրանց այլընտրանք էր ձևավորում Երկրորդ նախագահի շուրջ ձևավորվող թիմը, բայց ինչքան էլ վարչապետից դժգոհ լինեն, Երկրորդ նախագահի թիմը կարող էր այլընտրանք լինել, բայց ոչ՝ դեպի զարգացում տանող, իսկ եթե ԱԱԾ նախկին տնօրենը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք:

Դրա համար էր, որ ՀՀ վարչապետը մամուլի խոսնակի միջոցով բավականին կոշտ արձագանքեց այդ հայտարարությանը՝ հասկանալով, որ այսօրվա իշխանություններից դժգոհ մասը շատ ավելի հեշտ կթեքվի դեպի ԱԱԾ տնօրենը, քան դեպի Երկրորդ նախագահը:

Վարկանիշային տեսանկյունից ԱԱԾ նախկին տնօրենը չի զիջում Փաշինյանին, երկուսն էլ տեղեկությունների են տիրապետում, այս ռեսուրսով հավասար են, իսկ մեկ ռեսուրս էլ կա, որը ԱԱԾ նախկին տնօրենի կողմն է. Հայաստանում իշխանության գալու համար արտաքին քաղաքական որևէ ուժային կենտրոնի աջակցությունն է պետք, իսկ այս պահի դրությամբ ՀՀ վարչապետը դա չունի: Խնդրահարույց են նրա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները, ԵՄ-ն նրան ուղղակի դուրս է դրել՝ հիշենք վարչապետին Պորոշենկոյի դեմքով ծածկելու լուսանկարը, իսկ սա պատահական չի լինում, միտումնավոր արված էր:

Հաղորդագրություն էր, որ՝ քեզ հետ առնչություն ունենալ չենք ցանկանում, որովհետև ոչ մի ծրագիր չես բերում, որ ներդրում անենք: Մյուսն էլ՝ ԱՄՆ-ից այս պահին տեսանելի աջակցություն չունենալն է: Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրենին, ապա մենք տեսնում ենք, որ ուներ Ռուսաստանի չերևացող աջակցությունը: Սա շատ կարևոր ռեսուրս է: Միակ ռեսուրսը, որն ԱԱԾ նախկին տնօրենը չունի՝ ֆինանսականն է»,- հավելեց քաղտեխնոլոգը:

Արմեն Բադալյանը նկատեց ՝ նորմալ երկրներում, երբ քննարկում ես ուժային կառույցի ղեկավարի հրաժարականի հարցը, անմիջապես քննարկում ես, թե ով է նրան փոխարինելու:

«Անմիջապես պետք է քննարկվեր հարցը, թե ո՞վ է նրան փոխարինելու, բայց այս պահի դրությամբ նոր տնօրենը նշանակված չէ, իսկ ԱԱԾ-ն ԺԷԿ չէ, որ ասես՝ լավ, մեկ շաբաթ էլ որ տնօրեն չլինի՝ աշխարհը շուռ չի գա: Դա այն կառույցը չէ, որ պաշտոնակատարը գործ կատարի: Ինչ վերաբերում է ոստիկանապետի հրաժարականին՝ ենթադրվում է, որ դա կապված է Ամուլսարի հարցի հետ: Այդ հարցը պետք է որևէ կերպ լուծվի: Եթե հանքը բացվում է՝ բնապահպաններն ու Ջերմուկի բնակիչները ճանապարհ են փակում, պետք է ուժ կիրառես: Ուժն էլ կարող է մի քիչ բիրտ լինել, որովհետև ջերմուկցիները նահանջելու միտք չունեն: Ամեն մեկը չէ, որ կցանկանա լավ ուժ կիրառել»,- եզրափակեց Արմեն Բադալյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս