Դամբանական՝ ընդդիմությանը սպասելու ճանապարհին
Վերջին օրերի ինտենսիվ զարգացումները ստիպում են ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, նոր, 2020թ․ կապակցությամբ՝ հայ ժողովրդին կշնորհավորի ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ մի ուրիշ մարդ։
Արթուր Վանեցյանի, Վալերի Օսիպյանի և սպասվող մի շարք այլ հրաժարականները կառավարման տեխնոլոգիաների հայտնի այն պաշտոնանկությունները չեն, երբ ղեկավարն ազատվում է իր թիմից, մի կողմից՝ նրա վրա իր ձախողումները բարդելու համար, մյուս կողմից՝ հպատակներին հույս տալով, որ ինքը սկսում է մաքուր էջից, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Այս դեպքում նախարարներն ազատվեցին իրենց շեֆից ու նրա ձախողումների պատասխանատվությունից, և պաշտոններից դուրս եկան ավելի բարձր վարկանիշով ու պատվով, քան վարչապետը։
Այս պայմաններում ուժայինների ու այլ պաշտոններ զբաղեցնելու կգնան միայն կատաղի իմքայլականները, որոնք ռեժիմը պահպանելու համար պատրաստ են կրակելու վերջին փամփուշտը։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը մի փոքր բռնապետություն կբեմադրի, ինչը չի աշխատի, քանի որ նոր ուժայինները պարզապես չեն հասցնի իրավիճակին տեղեկանալ ու տիրապետել։ Դրան գումարվելու է դժգոհությունը գազի գնի բարձրացման կապակցությամբ, ղարաբաղյան հարցով աշնանային բանակցությունները ու մի քանի այլ ամուլսար, որոնց մասին դեռ տեղյակ չենք, քանի որ չեն պայթել, բայց, որ նրանք կան՝ անկասկած է։ Սակայն մի փոքր արնաթողությունը, անգամ՝ զոհերն էնդշպիլում չեն բացառվում, քանի որ ռեժիմը գտնվում է պանիկայի մեջ, և պատրաստ է անգամ անհույս քայլերի։
Թեև պնդումը, թե մենք իրականացրեցինք աշխարհում միակ անարյուն ու թավշյա հեղափոխությունը, փոքր-ինչ կասկածելի է, սակայն ակնհայտ ֆանտաստիկ փաստ է, որ այդ թավշյա իշխանությունը հեռանում է առանց ընդդիմության զգալի ճնշման։ Իշխանությունը մնացել է իր իսկ ստեղծած օրակարգի տակ՝ Ամուլսար, Քոչարյանի կալանավորում, Սահմանադրական Դատարան, և առանց ընդդիմության կողմից մատով իսկ դիպչելու, փլուզվելու է այս պրոբլեմների ծանրությունից։ Զավեշտալի փաստ է, որ 1,5 տարվա ընթացքում իշխանությունը քայլ անգամ չարեց Հայաստանի իրական խնդիրներին մոտենալու համար, իսկ իր ստեղծած արհեստական օրակարգն իրեն կերավ։
Բնական է հարցն այն մասին, թե ո՞վ է լինելու վաղվա իշխանությունը։ Ընդ որում, կարծում եմ՝ մեթոդներն անգամ էական չեն այս դեպքում՝ տվեք իրական ընդդիմադիր լիդեր, և կարելի է հնարել 40 համեմատաբար սահմանադրական ձևեր նրանց իշխանության բերելու համար՝ շատ ավելի սահմանադրական, քան Քոչարյանին կալանքի տակ պահելու մարմաջն է, կամ ՍԴ-ի դեմ արշավանքը։
Կառավարման անկումն այնքան թավալգլոր է, որ իշխանություններն ուշացան ու չեն էլ հասցնի գործարկել «Սասնա ծռեր», «Արման Բաբաջանյան», «Արթուր Վանեցյան» ընդդիմադիր պրոյեկտները։ Բայց ուշացել է ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը, իսկ ներկայումս ընդդիմության առկայությունը կօգներ մեղմել մի քանի շաբաթից սպասվող քաոսը։
Միաժամանակ, իշխանությունն ակամա թողել է մի քանի ուղենիշ (guidelines), որոնք ընդդիմությանը կօգնեն ապագա իշխանությունը ձևավորելու հարցում։ Նախևառաջ՝ իշխանությունները վերջնականապես վարկաբեկեցին ժողովրդավարության գաղափարը։ Անգամ իշխանափոխության համար այժմ մեծ, համաժողովրդական ակցիաներ պետք չեն, երկու հատ 10-15 հազարանոց հանրահավաքը բավարար է, որպեսզի իշխանությունը հաճույքով զիջի իր դիրքերը և հեռանա՝ ով ուր կարողանա։
Արտահերթ ընտրություններում արդեն պողոսների վրա հույս դնել պետք չէ՝ եթե չլինեն պոպուլիստական խոստումներ (իսկ հաջորդ քաղաքական ուժերը հաստատ պոպուլիստական չեն լինի), որոնք նիսյայով ընտրակաշառք կբաժանեն՝ երկրի վրա դրախտ ստեղծելու տեսքով, այսինքն՝ կվերացնեն արագաչափերը և կնստացնեն օլիգարխներին, ապա մեր պողոսները կամ կվերցնեն նաղդ ընտարակաշառքն ու կընտրեն, կամ էլ, եթե ընտրակաշառք չբաժանեն, կմնան տանը և այլ սերիալներ կնայեն՝ դրանով կտրուկ իջեցնելով ընտրություններում մասնակցության տոկոսը։
Մյուս կարևոր դասը, որ թողնում են ներկա իշխանությունները, դա արտաքին քաղաքական կողմնորոշումն է։ Նիկոլ Փաշինյանի դոնքիշոտներն այնքան պայքարեցին ռուսական մտացածին հողմաղացների դեմ, որ Հայաստանին չթողեցին Ռուսաստանին այլընտրանք։ Նոր իշխանությունները պարտավոր են աղյուս առ աղյուս վերականգնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և սպասվող տարածաշրջանային բուռն զարգացումներին զուգընթաց՝ ստեղծել անվտանգային նոր հայեցակարգ։
Եվ, իհարկե, ամենակարևոր դասերից մեկը վերաբերում է, այսպես կոչված, հասարակական կազմակերպություններին (հ/կ), որոնք և իրենք կտրուկ վարկաբեկվեցին, և վարկաբեկեցին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Ոչ ոք վայիս չի լինում հ/կ-ների ստացած գրանտներին, բայց թող վերցնեն այդ գրանտները և մի անկյունում նստած ուտեն։ Իսկ պետությունը պետք է նրանց մղոններով հեռու պահի բոլոր քաղաքական ու հասարակական զարգացումներից, մինչև ստեղծվի նոր որակի հասարակական սեկտոր, որը զերծ կլինի քաղաքական ամբիցիաներից։
Միով բանիվ, քաղաքական ուժերի համար անիմաստ է վաղվա համար կանխագուշակումներ անելը՝ թե ովքեր կլինեն նոր ուժային նախարարները, ավելի լավ է սկսել այն կառուցվածքների ստեղծումն ու ակտիվացումը, որոնք որոշելու են, թե ով է մեզ շնորհավորելու Նոր Տարվա՝ 2020թ. կապակցությամբ։
Աղասի Ենոքյան