Իրավական հիմք չունեցող բացահայտ քաղաքական դատավարություն

Այն իրողությունը, որ քաղաքական գործընթացները հաճախ ունենում են խորքային բովանդակություն, կորցնում են արժեքը, երբ ականատես ենք լինում այնպիսի մարազմատիկ դրամաների, որոնք այսօր առկա են ՀՀ քաղաքական դաշտում։ Վերջին մեկուկես տարվա քաղաքական դաշտի դերակատարներն ավելի շատ հիշեցնում են միջնադարյան տրուբադուրների, որոնք իրենց արկածների հետքերով թափառում էին գերմանական հանզաներում։ Ասվածի մասին առավել պատկերավոր կարծիք ենք կազմում, երբ լսում ենք մերօրյա «քաղաքական դեմքերի» արտաբերած տեքստերն ու առաջ քաշած թեզերը։

Նախօրեին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և իր ՍԴՈ-1476 որոշումը կայացնելիս ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմող ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը»: Նա նաև բացահայտ պահանջել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ներկայացնի իր հրաժարականը։

Միրզոյանը նաև կարծիք է հայտնել, որ ԱԺ-ն՝ որպես ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի իրավիճակի կապակցությամբ: Այս ելույթից հետո իշխանական «հարվածային գունդը», իր ողջ պատգամավորներով և ֆեյսբուքյան ակտիվով, լծվեց այս թեզերը, այսպես ասած՝  «խուրդելու» գործընթացին։

Իշխանության սատելիտ հասարակական գործիչներն ու լրատվականները «զարմանալի» արագությամբ թեման սարքեցին «մեմ» և սկսեցին շրջանառել այն՝ տարբեր մեկնաբանություններով։

Այսօր արդեն ժամեր առաջ հրապարակվեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի որոշումը. դատարանը մերժեց Քոչարյանի փաստաբանական խմբի միջնորդությունը՝ Երկրորդ նախագահին դատարանի դահլիճից ազատելու հետ կապված, հաշվի առնելով սեպտեմբերի 4-ին ՍԴ-ի կողմից կայացրած որոշումը։

Տեղի ունեցած երկու դեպքերից միանշանակ ակնհայտ է դառնում, որ այստեղ գործ ունենք դասական քաղաքական վենդետայի հետ, որն իրականացվում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի անձնական ամբիցիայի համար, քանի որ դեռևս լրագրող Փաշինյանը, իր հնարավոր բոլոր հայտարարությունների և հարցազրույցների ժամանակ, իր կյանքի բոլոր դժբախտությունների ու ձախողումների մեջ մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին, հետո արդեն՝ Սերժ Սարգսյանին և ընդհանուր «վերջին 20 տարում Հայաստանը կեղեքած քրեաօլիգարխիկ համակարգին»։

Միանշանակ պարզ է, որ Քոչարյանի դատական գործն անձնական հաշվեհարդար է, ուրիշ ոչինչ, երբ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն. բոլորս տեսնում ենք, որ այս դատական գործընթացի ժամանակ քննարկվում էր ոչ թե տեղի ունեցող գործողությունները, այլ կոնկրետ անձն ու նրա կատարած քայլերը։ Փաստ է այն, որ Քոչարյանի և մյուսների գործը ոչ թե իրավական բնույթի ինչ-որ լուրջ գործ է, այլ ակնհայտ քաղաքական հետևանքներ և պատճառներ ունեցող վրեժխնդրություն։

Հետաքրքրական է այն, որ իրենց խոսքում դատախազները դժգոհում էին, որ հաճախ դատական գործի հետ կապված  կիրառվում են «օդից կախված» տեղեկություններ՝ մի պահ մոռանալով, որ իրենց այսօրվա շեֆն իր ընդդիմադիր եղած տարիներին քաղաքական հայտարարությունների 90 տոկոս մասնաբաժինը ձևակերպում էր հենց այդ նույն «օդից» վերցրած լուրերով ու տեղեկություններով՝ փաստացի խեղաթյուրելով ու մանիպուլյացնելով իրականությունը, միաժամանակ՝ ժողովրդի «ականջին հաճելի» հայտարարություններ ներկայացնելով։

Միանշանակ պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի գործի ընթացքը կոորդինացվում է քաղաքական իշխանությունների կողմից։ Պարզ է նաև այն, որ մինչև դատարանի վճռի հրապարակումն այդ առիթով արդեն իսկ առկա է եղել հստակ քաղաքական որոշում։ Որոշումից ակնհայտ դարձավ մի կարևոր դրույթ ևս. առաջին ատյանի դատարանն իր վճիռը կայացրել է նախօրեին. դա են վկայում ԱԺ նախագահի և իշխանական պատգամավորների կողմից հնչեցված հայտարարությունները, սա բացահայտ սպառնալիք էր դատաիրավական համակարգի նկատմամբ։

Ի դեպ՝ սա առաջին դեպքը չէր, որ գործադիրն և օրենսդիրը բացահայտ սպառնալիք են կիրառում դատարանների նկատմամբ, ճիշտ է՝ սպառնալիքն ուղղված էր ՍԴ-ին, բայց միանշանակ է, որ հնչեցված թեզերն ուղղորդվում էին նաև մյուս դատավորներին։ Ստացվում է այնպես, որ առաջին ատյանի դատարանն առաջնային որոշում է ընդունել ոչ թե՝ ՍԴ որոշումը, այլ՝ Վճռաբեկ դատարանի որոշումը, որը, ըստ էության, նորմերի բացահայտ խախտում է։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս