Արթուր Վանեցյանի հրաժարականը միջնաժամկետ ահազանգ է

Մամուլի վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց․«Չկա Հայաստանում մի մարդ, որը իրավական ընթացակարգերով չի կարող ձերբակալվել», ինչը հար և նման է ժողովուրդների հայր ընկեր Ստալինի հայտնի ասույթին․ «Был бы человек, статья всегда найдется»։ Հայաստանի վարչապետի հնչեցրած այս խոսքը ոչ միայն ցույց է տալիս Նոր Հայաստանում տիրող իրավական գիտակցության մակարդակը, այլև կառավարման հիմնական մեխանիզմը, որով իրականացվում է ինչպես տնտեսական ռեկետը, այնպես էլ տարբեր քաղաքական պրոցեսներ։ Ըստ շրջանառվող լուրերի, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի առիթն այն էր, որ չի կարողացել/չի ցանկացել գտնել համապատասխան «իրավական ընթացակարգերը» պետական ինստիտուտներից Նիկոլ Փաշինյանի դիմադրության վերջին բաստիոնը հանդիսացող Սահմանադրական Դատարանի անդամների նկատմամբ։

Իրականում, եթե անգամ սա համապատասխանում է իրականությանը, ապա այն միայն առիթ է, և Արթուր Վանեցյանը հրաժարականի իր հայտարարության մեջ քաղաքական մեղադրանք է հնչեցրել երկրի քաղաքական ղեկավարությանը։ Հայաստանի անկումը, չնայած երկրորդ անգամ պեղած 100 փաստերին, դառնում է այնքան ակնհայտ, որ այդ մասին հայտարարում է ԱԱԾ տնօրենը, առաջին հերթին ընդգծելով իշխանության կառավարման անկարողությունը՝ թացը չորից, կարևորն ու անկարևորը իրարից տարբերակելու անկարողությունը։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանի մամոլ խոսնակի անդրադարձը անհամարժեք թույլ էր, ինֆանտիլ, կրկին անկարևորի շեշտադրմամբ։

Միաժամանակ, Արթուր Վանեցյանի հրաժարականին նախորդել էին հակաժողովրդական մի շարք քայլեր, ինչպես բանկային գաղտնիքի գաղտնազերծումը, ուժայիններին քաղաքական մունդիրներ հագցնելու օրինագիծը, հեռուստատեսություններին եթերազրկելու նախագիծը, նոր քրեական գործերը, ՍԴ հանդեպ շարունակվող հետապնդումը, և այլն։ ԱԱԾ տնօրենի հայտարարությունը այս գործընթացներին ուշադրություն հրավիրելու ահազանգ էր, սթափվելու կոչ։

Պարզ է, որ կոչը ավելի շատ հանրությանն էր ուղղված, քան Նիկոլ Փաշինյանին։ Իշխանությունը շարունակում է հակված մնալ նոր պատժամիջոցների, ամենայն հավանականությամբ կլինեն նոր քաղաքական ձերբակալություններ, ավելի հակաժողովրդական օրենքների նախագծեր։

Հատկանշական է, որ այս թոհուբոհում մենք մոռացել ենք Ղարաբաղի հարցը՝ ի՞նչ կապ ունի այս ամենը կարգավորման պրոցեսի հետ։ Պետք է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիվ գործողություններին ոչ ԱՄՆ, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Եվրոպան որոշակի կոշտ պատասխան հիմա չեն տա։ Նրանց համար Նիկոլ Փաշինյանը գտածո է՝ հազիվ թե Հայաստանում հայտնվեր մեկ այլ ղեկավար, որն իր գործողություններով այսպիսի թակարդ ստեղծեր ինքն իր համար;

Արևմուտքն ու Ռուսաստանը դեռևս չեն արտահայտվի Հայաստանի ղեկավարի ընդդիմախոսների դիրքերից, տվյալ պարագայում չեն էլ մտածի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին։ Նիկոլ Փաշինյանը իրենց պետք է որպես մի հազվագյուտ հայաստանցի բանակցող, ով ոչ մի  հիմք չունի դիմադրելու ներկայացվող կարգավորման փաստաթուղթը ստորագրելուն։

Նիկոլ Փաշինյանն էլ, իր հերթին, շատ լավ հասկանում է, որ իր ինքնիրավչության ժամը մինչև փաստաթուղթը ստորագրելն է, դրանից հետո միջազգային համայնքը կնախընտրի Հայաստանի այնպիսի ղեկավար, ով կվերացնի քաոսը և կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Եվ բնական է, որ ելնելով այս ամենից, նա հնարավորինս կձգձգի ստորագրումը։ Բայց այդ դեպքում կակտիվանան ներքին ուժերը, ովքեր նրա հրաժարականն են պահանջելու, ինչն իրեն ստիպելու է վերադառնալ բանակցությունների սեղան՝ հույսով, որ ներքին հարցերը նա կլուծի նոր ուժային քայլերով։

Շախմատային տերմինաբանությամբ իրական ցուգցվանգ է ստեղծվել, երբ ցանկացած քայլ տանելու իրավիճակի հետագա բարդացման։ Ամեն դեպքում, երբ «պնդօղակները ձգելու» այս քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանին վերջնական թակարդի մեջ մտցնի, պետք է սպասել ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ակտիվացման։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս