Բաժիններ՝

«Նախագծի ընդունման դեպքում կլինեն դեպքեր, երբ մարդիկ իրենց ակտիվները դուրս կբերեն Հայաստանից». Հովիկ Աղազարյան

Սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունն ակտիվ քննարկելուց հետո ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովում։

Շատ իրավաբաններ պնդում են, որ այս նախագծի ընդունումն ակնհայտ խախտում է այն մարդկանց իրավունքները, որոնք բանկում պահում են իրենց դրամական միջոցները։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս նախագծին՝ նշեց, որ այն ճիշտ ու տեղին նախաձեռնություն է, որպեսզի Կառավարությունը հնարավորություն ունենա օպերատիվ կերպով տիրապետել որոշակի տեղեկատվության, որը շատ կարևոր հանգամանք կլինի այս կամ այն հարցի քննարկման համար, հատկապես՝ իրավական դաշտում։

«Նախագծում պետք է լինի համապատասխան հոդված, կարծում եմ՝ կլինի, եթե չլինի՝ ապա կքննարկենք, որ այն մարմինները, որոնք լիազորված կլինեն Կառավարության կողմից տիրապետելու այդ տեղեկատվությանը՝ այս կամ այն գործի հետ կապված, նրանք պետք է ստորագրություն տան, որ մարդու անձնական տվյալները գոնե իրենց կողմից չեն դառնա հանրության սեփականությունը»,- նշեց պատգամավորը։

Հարցին՝ ներդրումների հեռանկարի առումով իրատեսակա՞ն է, որ օրենքը կգործի, քանի որ ներդրողներն ավելի զգուշավոր կլինեն, Հովիկ Աղազարյանը պատասխանեց, որ, եթե մարդիկ փողեր լվանալու նպատակներ չունեն և ազնիվ բիզնեսմեն են, ապա օրենքը որևէ կերպ չի խանգարի նման դրսևորումների համար։

Հաջորդ հարցին՝ չկա՞ն մտավախություններ, որ մարդիկ իրենց ակտիվները պարզապես դուրս կբերեն Հայաստանից, պատգամավորը պատասխանեց, որ անպայման նման դեպքեր կլինեն, ինչն այլ կարգավորման խնդիր է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս