Հյուսթոնում բանավեճերում դեմոկրատներն արծարծել են առողջապահության, զենքի առևտրի և այլ հարցեր
Զենքի շրջանառության հսկողության, բժշկական ապահովագրության, գլոբալ կլիմայական փոփոխությունների խնդիրները, ինչպես նաեւ ՉԺՀ-ի հետ առեւտրի եւ Աֆղանստանում իրականացվող քաղաքականության հարցերն են եղել Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդների երրորդ համազգային բանավեճերի մասնակիցների ուշադրության կենտրոնում, որոնք սեպտեմբերի 12-ին անցկացվել են Հյուսթոնում (Տեխասի նահանգ)։
Առաջին անգամ Հարավային Տեխասի համալսարանի դահլիճի բեմում հայտնվել են ներկայիս մրցարշավն բոլոր երեք առաջատարները՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը եւ Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը: Վերջին հարցման արդյունքների համաձայն, որն անցկացրել է CNN հեռուստաընկերությունը, Բայդենին աջակցում է պոտենցիալ դեմոկրատ ընտրողների 24 տոկոսը, Ուորենին՝ 18 տոկոսը եւ Սանդերսին՝ 17 տոկոսը:
Բանավեճերի մյուս յոթ մասնակիցները նման ժողովրդականությամբ պարծենալ չեն կարող. պոտենցիալ ընտրողների շրջանում Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսի աջակցման մակարդակը 8 տոկոս է, Սաութ Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջինը՝ 6 տոկոս, Տեխասի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Բեթո Օ՛Ռուրքինը՝ 5 տոկոս, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերինը, Մինեսոթայի նահանգից սենատոր Էմի Քլոբուշարինը, ԱՄՆ-ի բնակարանային շինարարության եւ քաղաքների զարգացման նախկին նախարար Ջուլիանա Կաստրոյինը եւ գործարար Էնդրյու Յանգինը՝ 2-ական տոկոս: Արծարծելով վերջերս Էլ Պասոյում (Տեխասի նահանգ) եւ Դեյթոնում (Օհայոյի նահանգ) հրաձգության հետ կապված միջադեպերից հետո հրազենի առեւտրի կարգավորման թեման, սենատոր Էլիզաբեթ Ուորենն ընդգծել է, որ երկրում «հրազենի օգտագործման հետ կապված բռնության մթնոլորտ է տիրում»:
«Մենք կարող ենք եւ պետք է լուծենք այդ խնդիրը,-ընդգծել է նա,-քանի որ ամերիկացիների 90 տոկոսը պաշտպանում է զենքի վաճառքից առաջ մանրակրկիտ ստուգումներ անցկացնելու գաղափարը եւ հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ ավտոմատ զենքն անհետանա քաղաքների փողոցներից»: Նա նշել է, որ զենքի շրջանառության նկատմամբ հսկողության գործող միջոցներն արդյունք չեն տալիս զինագործական լոբիի ազդեցության պատճառով: «Մենք պետք է գործողություններ ձեռնարկենք զենք արտադրող ընկերությունների նկատմամբ»,-հայտարարել է նա, ընդսմին չճշտելով՝ ինչ կոնկրետ քայլեր է առաջարկում:
Արտաքին քաղաքական խնդիրների թվում բանավեճերի մասնակիցներն առավել մեծ ուշադրություն են դարձրել առեւտրի հարցերի շուրջ ՉԺՀ-ի հետ բանակցությունների վրա, ընդ որում՝ նրանք բոլորն էլ պնդել են Պեկինի հետ քննարկումների անցկացման նախապայմանների առաջադրումը: Սենատոր Էմի Քլոբուշարն ընդգծել է, որ եթե միջազգային առեւտրի բնագավառում Թրամփի վարչակազմի ներկայիս քաղաքականությունը շարունակվի, ապա «դա վնաս կհասցնի երկրին»: «Թրամփը մեր առեւտրական քաղաքականությունը ծաղրանքի առարկա է դարձրել բոլորի համար,-հայտարարել է նա:-Մեզ հարկավոր է վերադառնալ Չինաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ»: Արծարծելով ԱՄՆ-ի քաղաքականությունն Աֆղանստանում՝ սենատոր Էլիզաբեթ Ուորենը վստահություն է հայտնել, որ Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորակազմը «չի կարող լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են այդ երկրի առջեւ»:
Նրա կարծիքով՝ աֆղանական խնդրի լուծումը հնարավոր է միայն Եվրոպայում եւ Ասիայում բոլոր դաշնակիցների հետ ԱՄՆ-ի փոխգործակցությամբ: Վենեսուելայի վերաբերյալ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Բեռնի Սանդերսը, որը պահանջել է այն «դեմոկրատական սոցիալիզմը», որի օգտին հանդես է գալիս ինքը, չհամեմատել լատինամերիկյան երկրում տիրող իրադրության հետ: «Մենք միջազգային ու տարածաշրջանային փոխգործակցության կարիք ունենք, որպեսզի ազատ ընտրությունների հասնենք Վենեսուելայում, ոորոնք թույլ կտան այդ երկրի ժողովրդին՝ որոշելու իրենց ապագան»,-հայտարարել է նա՝ Վենեսուելայի նախագահին անվանելով «բռնակալ»:
Ներկայիս հեռուստաբանավեճերից բացի, Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն մտադիր է համանման եւս երեք միջոցառում անցկացնել մինչեւ ընթացիկ տարվա վերջը ու եւս վեցը՝ 2020 թվականի հունվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակաշրջանում: 12 հեռուստաբանավեճից բաղկացած ցիկլը կավարտվի արդեն այն բանից հետո, երբ փետրվարին պաշտոնապես կտրվի նախընտրական արշավի մեկնարկը:
Փետրվարի 3-ին Այովայում տեղի կունենա կուսակցական ակտիվիստների ժողովները, որտեղ նախ կընտրեն Դեմոկրատական կուսակցության տեղական կուսակցական խորհրդաժողովի, իսկ հետո՝ ազգային համագումարի պատվիրակներին, որը 2020 թվականի հուլիսի 13-16-ին կկայանա Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): Այնտեղ կհայտարարվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի մրցակցի անունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: