«Իտալացիներն ինձ գրում են և ներողություն են խնդրում Բոնուչիի արարքի համար». Կարապետյան
Հայաստանի ազգային հավաքականի և «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մեկնաբանել է իր հեռացումն Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ բախումից հետո:
– Ինձ համար շատ ամոթալի էր, որ նման խաղացողը, ով այսքան տարի խաղում է այդպիսի բարձր մակարդակի վրա, կարող է նման կերպ հանդես գալ Հայաստանի հավաքականի դեմ:
Ցավալի է, որ մրցավարը չտեսավ, որ իմ կողմից որևէ խախտում չկար: Գերմանացի մրցավարը կանգնած էր ինձանից և Բոնուչիից երեք մետր հեռավորության վրա, ես շատ վիրավորված եմ: Մրցավարը պետք է նկատեր այս դրվագը:
– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Բոնուչին նմա կերպ վարվեց:
– Որովհետև մենք լավ խաղացինք նրանց դեմ, և իտալացիները վախենում էին, որ կարող են պարտվել Երևանում: Միայն այս կերպ ես կարող եմ բացատրել Բոնուչիի արարքը:
Եթե հաշիվը լիներ 4:0՝ հօգուտ Իտալիայի հավաքականի, ապա նա չէր գնա դրան: Այո, մենք պայքարեցինք Իտալիայի հավաքականի դեմ, բայց ինչպե՞ս կարելի էր նման բան անել: Պարզապես խոսքեր չկան, մենք Իսպանիայի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի հավաքականը չենք:
Եթե մեր թիմը նվազեցնեն մեկ խաղացողով, ապա պարզ է, որ նման թիմին դժվար կլինի դիմակայել 45 րոպե: Բայց մենք դեռ պայքարում էինք մինչև վերջ, տղաները պահեցին խաղը 78 րոպե, բայց, ցավոք, երկու գոլ ընդունեցին:
– Բոնուչիի հետ շփվե՞լ եք:
– Ո՛չ: Ես վիճում էի Վերատտիի հետ և կարողացա մի քանի արտահայտություն փոխանակել: Նա վիրավորված էր ինձանից, կարծես ես ձեռքով հարվածել էի նրան:
Իտալացիները գործեցին շատ ամոթալի, այդպիսի թիմ և այդպիսի ֆուտբոլիստներ, բայց նրանք այդպես վարվեցին… Բայց այլ բան ինձ զարմացրեց:
– Ի՞նչ:
– Խաղից հետո իմ Instagram-ը պայթում էր: Իտալացի երկրպագուները սկսեցին գրել ինձ անձնական նամակներով և լուսանկարների տակ: Նրանք ներողություն էին խնդրում Բոնուչիի արարքի համար:
«Յուվենթուսի» երկրպագուները ներողություն էին խնդրում, նրանք խոստովանում էին, որ դա ամոթալի է: Ստացել եմ 200-300 հաղորդագրություն, որոնցում նրանք ներողություն էին խնդրում իրենց ավագի արարքի համար:
Սիրարփի Աղաբաբյան