«ՍԴ որոշման մեջ առկա են իրավական դիրքորոշումներ, որոնցից հետևում է, որ առ այս պահը պարոն Քոչարյանը գտնվել է կալանքի տակ ապօրինաբար». պաշտպան
Սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։
Որոշման հրապարակումից հետո սահմանադրագետ Արամ Վարդևանյանը նշել էր, որ «Կալանավորումը, որը կիրառվել է 2-րդ նախագահի նկատմամբ մի քանի անգամ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը»:
Ավելի ուշ տեղեկացրել էինք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Սահմանադրական դատարանի որոշումից հետո պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանավորումը վերացնելու պահանջով։
Երեկ ՍԴ-ն հրապարակել է ամբողջական որոշումը:
Պաշտպաններն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան ՍԴ որոշմանը: Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ ՍԴ որոշումներով և նաև օրենքներով ամրագրված է, որ ՍԴ-ի որոշման ոչ միայն եզրափակիչ մասն է պարտադիր բոլոր դատարանների համար, այլև ՍԴ որոշման պատճառաբանական մասում բերված իրավական դիրքորոշումները.
«Եթե ՍԴ-ն իր որոշման պատճառաբանական մասում որևէ հարցի վերաբերյալ իր լիազորությունների շրջանակներում արտահայտում է իրավական դիրքորոշում, ապա այն պարտադիր է բոլորի համար՝ առաջին հերթին, իհարկե, դատարանների»:
Անդրադառնալով բուն որոշմանը՝ պաշտպանը նշեց, որ դրանից բխում է, որ առ այս պահը ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինաբար.
«Որոշման մեջ առկա են իրավական դիրքորոշումներ, որոնցից ուղղակի հետևում է, որ առ այս պահը պարոն Քոչարյանը գտնվել է կալանքի տակ ապօրինաբար, և առ այս պահը՝ նրա նկատմաբ քրեական հետապնդումն իրականացվել է ապօրինաբար:
Ինչի մասին է խոսքը՝ Դուք գիտեք՝ Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ պաշտոնաթող նախագահը պատասխանատվություն չի կարող կրել այնպիսի գործողությունների համար, որոնք նա կատարել է իր պաշտոնավարման ժամանակ, և որպիսի գործողությունները բխել են որպես նախագահ՝ նրա կարգավիճակից:
Այս սահմանադրական դրույթը երբեք որևէ մեկի մոտ կասկած չի առաջացնում, չի առաջացրել՝ ուրիշ բան է, որ ներպետական դատարաններում եղել են տարբեր կարծիքներ այն մասին, թե պարոն Քոչարյանին վերագրվող գործողություններն իրենք իրենցով բխե՞լ են նրա կարգավիճակից, թե՞ ոչ:
Անցյալ տարի օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը եկավ եզրահանգման, որ, այո՛, այդ գործողությունը բխել են նրա կագավիճակից և ազատ արձակեց, դրանից հետո Վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, բայց վերջնական ինչ-որ եզրահանգման չեկավ՝ թողնելով խնդիրը Վերաքննիչ քրեական դատարանին: Եվ հետո անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, եկավ այն եզրակացության, որ այս մեղսագործվող գործողությունները պարոն Քոչարյանի կարգավիճակից չեն բխել»:
Վերջինի լուծումն, ըստ Ալումյանի, առկա է ՍԴ հայտնի որոշման մեջ, իսկ այդ լուծման պարբերությունը նա համարում է որոշման հանգուցային հատվածներից մեկը.
«Ասում է այսպես՝ «Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրությունը չի ամրագրում հատուկ ընթացակարգ, որի շրջանակներում պաշտոնաթող Հանրապետության նախագահին պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունները որևէ պետական մարմնի կողմից կարող են գնահատվել որպես Հանրապետության նախագահի կարգավիճակից բխող կամ չբխող»:
Ասել է, թե՝ չկա մարմին, չկա ընթացակարգ, որից կարելի կլինի հետևության գալ, ներկա կարգավորումների պայմաններում, թե պաշտոնաթող նախագահին որևիցե քրեական գործով վերագրվող գործողությունները բխում են նրա կագավիճակից, թե՝ ոչ: Այսինք՝ եթե չկա այդպիսի մարմին, որը համապատասխան ընթացակարգով կարող է այսպիսի հարցին պատասխան տալ, չի՛ կարող օրինական լինել վերաքննիչ դատարանի կամ որևէ այլ դատարանի որոշում, որտեղ ասված է, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ նրան այսօր վերագրվում է»:
Զարուհի Դիլանյան