Պատգամավորը կարո՞ղ է գործել խմբակցության կազմից դուրս. «Ա1+»
Երեկ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, անկուսակցական Արման Բաբաջանյանը հայտարարել էր խմբակցության կազմից դուրս գալու մասին, սակայն չէր հստակեցրել` պատգամավորական մանդատը վայր կդնի, թե ոչ։ Այս կապակցությամբ «Ա1+»-ը զրուցեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ, ԱԺ հանրային կապերի վարչության նախկին պետ, իրավաբան Արսեն Բաբայանի հետ՝ իմանալու, թե արդյոք պատգամավորին օրենքով թույլատրվո՞ւմ է գործել խմբակցությունից անկախ։ «Խմբակցությունից դուրս գալով՝ նույն այդ հիմքով մանդատը վայր դնելը նույնպես նախատեսված չէ։ Իսկ պատգամավորը, քանի որ ինքնուրույն անկախ մարմին է, լինում է ուղղակի պատգամավոր և քանի որ խմբակցության մեջ չէ, կորցնում է հանձնաժողովում լինելու իր իրավունքը։
Այսինքն՝ օրենքը չի նախատեսել, եթե պատգամավորը խմբակցությունից դուրս է գալիս, պետք մանդատը վայր դնի, հետևաբար կարող է չդնել։ Որովհետև պետական մարմինը պարտավոր է անել այն, ինչն օրենքով է նախատեսված»։
Բաբայանը հավելեց, որ քանի որ ԱԺ հանձնաժողովներում տեղերը պատկանում են խմբակցություններին, խմբակցությունը հեռացած պատգամավորին փոխարինում է մեկ ուրիշ պատգամավորով։
«Խմբակցությունը ԱԺ նախագահին գրություն կուղարկի, որ փոխում է իր պատգամավորին և ուրիշ պատգամավորի կներգրավի հանձնաժողովում»,- ընդգծեց նա։
Իրավաբանի խոսքով՝ անկախ է, թե ոչ, պատգամավոր է, ինքնուրույն պատգամավոր, որ ներկայացնում է ժողովրդին։ «Ցանկացած պատգամավոր առանձին, ժողովրդից ստացած իր մանդատով է օժտված։ Իր խմբակցության առջև չունի օրենսդրական պարտականություններ, որովհետև ինքն ունի իր պատգամավորական լիազորություններն առանձին։ Կշարունակի մնալ պատգամավոր, եթե չորոշի ինքնակամ հրաժարվել»,- եզրափակեց Արսեն Բաբայանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: