«Բոլորի հետ հաշվեհարդարի մեխանիզմով չի լինի աշխատել». Տնտեսագետ

«Ընդհանուր առմամբ, կան տնտեսական աճի էլեմենտներ, իսկ տնտեսական զարգացման խոչընդոտներ չկան. ճիշտ է՝ ռեֆորմները դեռ դանդաղ են ընթանում, բայց էական խոչընդոտներ չկան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ տնտեսական ցուցանիշներն ավելի շատ բիզնեսի ջանքերով են ստեղծվում և որոշ փոքր ներդրումների շնորհիվ:

Ներդրումների առումով նա մոտիվացնող համարեց վարչապետի մարզային այցելություններն ու գործարարների հետ հանդիպումները:

Գ. Մակարյանը, սակայն, այլ սպասելիքներ ունի. «Ես մեծ սպասելիքներ ունեի ներդրումների առումով՝ ավելի մեծ չափերի ու քանակների. ըստ երկրների՝ մեր ներդրումների ցանկը դիվերսիֆիկացիայի առումով շատ սահմանափակ է»:

Արձագանքելով մեր հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը շնորհավորողների ցանկում կային նաև հայ խոշոր գործարարներ, որոնք պոտենցիալ ներդրողներ կարող են համարվել, արդյո՞ք նրանք ներդրումներ կանեն՝ հաշվի առնելով քաղաքական իրավիճակը՝  Գ. Մակարյանը նշեց. «Բնականաբար ո՛չ, կսպասեն, կուզեն՝ պարզվի խնդիրը»:

Ապա անդրադառնալով առհասարակ բիզնեսի հետ վարվող քաղաքականությանը՝ նա նկատեց. «Բոլորի հետ հաշվեհարդարի մեխանիզմով չի լինի աշխատել:

Իհարկե, չենք ասում, որ խանգարողներին ու խաբողներին պետք է խնայել, բայց կա միջազգային փորձ, կան տարբեր մոդելներ, թե ինչպես կարելի է նման ընկերությունների հետ աշխատել:

Այդ հարաբերությունների հետ պետք է զգույշ վերաբերվել, որովհետև խոշոր բիզնեսները Հայաստանի դեպքում տնտեսության գերակշիռ մասն են որոշում, եթե մենք սկսենք բոլորի հետ վախեցնելով, հաշվեհարդարով խոսել, նորից  բացասական առումով կանդրադառնա:

Դրսի մարդիկ, երբ նայում են, որ նման տրամաչափի բիզնեսները ենթարկվում են այդպիսի խիստ ստուգումների կամ անզիջում վերաբերմունքի, իրենք մտածում են՝ ինչով են ավել, որ իրենց կարող են խնայել (իրենք գուցե չտարբերեն, որ ժամանակները փոխվել են, որ պետական մարմիններն ավելորդ ստուգումներ չեն անում, պետական մարմինները կուսակցական հողի վրա հովանավորչություն չեն անում, գուցե այդ տարբերությունները չգիտեն)»:

Վերջինի հարցում տնտեսագետը կարևորում է դեսպանների դերը, որոնք, ըստ նրա, պետք է լինեն պետության ճիշտ պատկերը փոխանցողը, իրենց երկրի տնտեսական հաջողությունների կրողը:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս