Վարչապետի որոշումը ենթակա է կատարման. 71% վստահության քվեն հենց դրա ապացույցն է
Եվ այսպես, Ամուլսարը կշահագործվի։
Երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում այսպես ամփոփեց ծանր օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամուլսարը կշահագործվի, այն չի մնալու սար, այլ լինելու է արդյունահանվող հանք՝ իր բոլոր հետևանքներով ու իրենից բխող զարգացումներով։
Ճիշտ է, շուրջ 1.5 ժամ տևած եթերի ընթացքում վարչապետը փորձեց հազար ու մի եղանակներով սարը շահագործելու դեմ հանդես եկող ժողովրդին, բնապահպաններին ու իրավապաշտպաններին համոզել, որ լիբանանյան «Էլարդ» ընկերության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ «Լիդիան Արմենիայի» կողմից սարը շահագործվելու դեպքում բնապահպանական ռիսկերն ամբողջովին կառավարելի են, ինչն ակնհայտ էր դեռևս իր կողմից հեղափոխությունից առաջ արված փորձաքննություններից, բայց ոչ մի խոսք չասաց այն մասին, օրինակ, որ նախկին իշխանություններին «Լիդիանի» հետ կոռուպցիոն գործարքների մեջ իր մեղադրելն էր հիմնազուրկ, քանի որ փաստ է, որ Քննչական կոմիտեն էլ իր հերթին էր հավաստիացրել, որ այս գործում հանցակազմ չկա։
Վարչապետը չխոսեց նաև այն մասին, որ երեկ հանքի դեմ հանդես եկող քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ոստիկանական ուժ կիրառվեց, լռեց նաև այն մասին, որ Ազգային ժողովի դարպասները փակվեցին այգու տարածքում խաղաղ քննարկում անել ցանկացող բնապահպանների առջև, քանի որ, ինչպես իր կուսակից, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց «Որովհետև այգին զբոսնելու համար էր» (այսինքն՝ 2018թ. հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի կոչով 50.000 մարդ ինքնաբուխ զբոսնում էր Ազգային ժողովի բակում, իսկ ոմանք էլ այնքան ինքնամոռաց էին զբոսնում, որ ԱԺ պատերը բարձրանալով՝ փորձում էին լուսամուտներից ներս մտնել):
Ինչևէ, սարը կշահագործվի, և այս պարագայում վարչապետ Փաշինյանից, թերևս, առաջին անգամ պահանջելու բան չկա, նրան ըստ էության իր խոստումները չկատարելու մեջ մեղադրելու հիմք չկա, ու առհասարակ վարչապետը կայացրել է որոշում, որը ենթադրաբար կկատարվի, և ո՞րն է այստեղ հարցը։
Երբ 2018թ. հուլիսի 6-ին վարչապետ Փաշինյանը Ջերմուկ քաղաքում հանդիպեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի դեմ պայքարող ցուցարարներին, բնապահպաններին և ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին, նա նշեց, որ այսօրվանից Ամուլսարում մեկնարկում են տեսչական ստուգումներ, և խնդրի հանգուցալուծման համար պետք է գտնել երկու հարցի պատասխան. առաջինը` կունենա՞ արդյոք Ամուլսարի ծրագիրը բացասական ազդեցություն ջրային ռեսուրսների վրա, երկրորդը` կունենա՞ արդյոք ծրագիրը բացասական ազդեցություն Ջերմուկ քաղաքի հետագա զարգացման վրա` որպես առողջարանային և զբոսաշրջային կենտրոնի: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց գտնել այս հարցերի պատասխանը ՀՀ կառավարության, «Լիդիան Արմենիա»-ի և տեղի բնակիչների ներգրավվածությամբ:
«Իմ կարծիքը պետք է ձևավորվի այս երկու հարցերի փորձագիտական հիմնավորված պատասխանների վրա: Ցանկացած որոշում` և նեգատիվ, և պոզիտիվ, ունի իր գինը: Առաջարկում եմ եռակողմ մեխանիզմ ստեղծենք, որպեսզի այս երկու հարցերի պատասխանը գտնենք: Մեզ պետք է փորձագիտական ապացուցված գնահատական, մի պատասխան, որն ապացուցելի լինի»,- ասել էր վարչապետը:
Ասել է թե՝ պետք է լինի փորձագիտական եզրակացություն, և միայն դրանից հետո ինքը կորոշի՝ հանքը շահագործվելո՞ւ է, թե՞ ոչ։
Մարդը, ուշադիր, 2018թ. հուլիս 6-ին՝ խորհրդարանական ընտրություններից 5 ամիս առաջ, հայտարարել է, որ Ամուլսարը շահագործելու հարցը որոշվելու է փորձագիտական եզրակացության հիման վրա։ Այսինքն՝ Փաշինյան վարչապետը չի կայացրել քաղաքական որոշում, չի ասել՝ հանքը չարիք է, և վերջ, չի պնդել՝ Ամուլսարը սար է մնալու, ու այդտեղ երկու կարծիք չկա։ Նա ասել է, որ այդ հարցը լուծվելու է միայն հեղինակավոր ընկերության փորձագիտական կարծիքից հետո։
Այդ հայտարարությունից 5 ամիս անց՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հարգելի բնապահպաններ, ջերմուկցիներ, իրավապաշտպաններ, հանքի շահագործման դեմ հանդես եկող սովորական քաղաքացիներ, դուք ձեր անվերապահ աջակցությունն եք հայտնել այդ խոսքերի հեղինակ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժին՝ նրան տալով վստահության 71 %-ից ավելի քվե։ Դրանով դուք նրան օժտել եք գործելու անսահմանափակ լիազորությամբ, անառարկելիորեն վստահել եք նրա կայացրած որոշումներին, և հիմա, իսկապես, ո՞րն է խնդիրը։
Նիկոլ Փաշինյանը ձեզ չի խաբել։ Պետբյուջեի սուղ միջոցներից մոտ 400.000 դոլար գումարով լիբանանյան «Էլարդ» ընկերությունը տվել է կարծիք, ըստ որի՝ վարչապետ Փաշինյանը եզրակացրել է, որ Ամուլսարը կարող է և պետք է շահագործվի, քանի որ բնապահպանական ռիսկերը կառավարելի են։ Եվ վերջ։
Եվ հիմա այստեղ հարցն այն չէ՝ դուք վստահո՞ւմ եք այդ ընկերությանը, թե՞ ոչ, իսկապե՞ս այդքան հեղինակավոր է «Էլարդը», թե՞ ոչ այնքան, կապո՞ւմ եք նրա անունը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հոր հետ, թե՞ ոչ, եղե՞լ են այդ ընկերության մասնագետներն Ամուլսարում, թե՞ նրանց տված եզրակացությունը հիմնված է միայն փաստաթղթերի ուսումնասիրության վրա… Խնդիրն այն է, որ դուք 2018թ. հուլիսի 6-ի՝ վարչապետի դրած պայմանն ընդունել եք, չեք ասել՝ ի՞նչ փորձագիտական եզրակացություն, սարը սար պիտի մնա, և վերջ, դրանից հետո գնացել ազգովի ձայն եք տվել այդ մարդուն, ինքն էլ քաղաքական պատասխանատվություն է իր վրա վերցրել բոլորի ու բոլորիդ փոխարեն որոշումներ կայացնելու։ Եվ կայացրել է…
Հիմա, անկախ նրանից, այդ որոշումը ձեր սրտո՞վ է, թե՞ ոչ, այն կայացված է ու ենթակա կատարման։ Ի վերջո, ո՞վ է ասել, որ վարչապետի բոլոր որոշումները պետք է բոլորի սրտով լինեն։ Դուք նրա համար նաև ձեզ համար անհաճո որոշումներ ընդունելու կանաչ լույսն եք վառել։
Դուք նաև Պավլիկ Մանուկյանի որդու՝ պետության դեմ հանցագործություն կատարած Արամ Մանուկյանի լեզուն եք բացել, ու նա այսօր կարողանում է վարչապետ Փաշինյանի լայվի տակ հետևյալ մեկնաբանությունը գրել՝ «Դու դեռ աղբամանում չե՞ս»…
Դուք՝ ձեր տված 71 % վստահության ահռելի քվեով։
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով դատական նիստերից մեկում հրապարակվել էին գնդի գրավման օրերին խմբի անդամների՝ գաղտնալսված հեռախոսային խոսակցությունները։ Խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանն իր ծանոթ-ընկերների հետ խոսելիս անդրադարձել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որը ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում հանրահավաքների ժամանակ հայտարարություններով էր հանդես գալիս:
«Ժողովրդին ասա՝ Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն… վեդրո ճարեք: Տղեքին ասա, որ Նիկոլին չլսեն»,- խոսափողի մյուս կողմում գտնվող տղամարդուն ասել էր Պավլիկ Մանուկյանը: Մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ էլ Պավլիկ Մանուկյանը հրահանգել էր. «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերևա»:
Վերջինս նաև հայհոյանքներ էր հնչեցրել: Դատավարության ընթացքում, 2018թ. մարտին, իր խոսքերը լսելով՝ դահլիճում գտնվող ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը բղավել էր. «Հիմա էլ ենք նույնը ասում, հենց հիմա»: