«Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար». Միքայել Մինասյան. news.am

NEWS.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:

– Պարոն Մինասյան, Ձեր երեկվա ֆեյսբուքյան գրառումը լայն արձագանք գտավ: Ձեր մեկ հպանցիկ դիտարկում, սակայն, հարցեր առաջացրեց: Դուք նշել էիք ոչ թե ձերբակալված նախկին նախագահի, այլ նախագահների մասին: Սերժ Սարգսյանի՞ն էիք ակնարկում, կարծո՞ւմ եք նրան նույնպես կձերբակալեն:

– Անխոս։ Այս իշխանության գործունեության ամբողջ տրամաբանությունը դա է. մեղադրանք և ձերբակալություն։ Այսօր պետական ռեսուրսի մի էական մասը ծախսվում է մեղադրանքների ու ձերբակալությունների վրա: Բայց խնդիրն այն է, որ դա այլևս չի աշխատում։ Առաջին 5, 10, 15, 20 ձերբակալություններից հետո հասարակության բուռն արձագանքն արդեն թուլացել է, այն չի փոխում հանրային տրամադրությունները, չի դառնում օրակարգ: Վաղը մյուս օրն արդեն այդ քայլերը միայն քամահրանք են առաջացնելու: Չկասկածեք: Մանավանդ, որ շատ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների տպավորություն է ձևավորվում:

Սեփական չտրամաբանված քայլերի արդյունքում իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և ունի երեք դժվարին խնդիր լուծելու այս պահին` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ: Սրանց ավելացել է գործադիրի և օրենսդիրի աշխատանքի տոտալ բացակայությունը: Արդյունքում հանրային դժգոհության ալիքը կառավարելիի սահմաններից դուրս գալու եզրին է, դա իշխանության համար արդեն տեսանելի է: Լավ իմանալով այս իշխանության պարզունակ տրամաբանությունը` հեշտությամբ կարելի կանխատեսել, որ նրանք լուծումներ փնտրելու փոխարեն գնալու են իրենց սիրած` ձերբակալությունների միջոցով հասարակական կարծիքի շեղման ճանապարհով: Իրենց կարծիքով՝ շեղման ճանապարհով:

Կարդացեք նաև

Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:

Ավելին ասեմ, արդեն նշածս երեք խնդիրների հնարավոր հետևանքներից իշխանության վախն այնքան մեծ է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, չեն բավարարվի միայն Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ, այլ մի բան կհորինեն նաև մեկ կամ մի քանի գեներալի հանդեպ: Չեմ բացառում, որ ես էլ լրացնեմ այդ շարքերը։

Օտարերկրյա մամուլով անհեռատես արտահոսքի քայլին գնալը վկայեց, որ մեր հերոսներից մեկին` գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին ևս կձերբակալեն: Դժվար չէ հասկանալ` ինչու է դա նրանց պետք. ակնհայտ է, որ զինվորական վերնախավին լռեցնելու խնդիր էլ ունեն:

– Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է այդ սցենարից, հավանական զարգացումներից, և արդյոք պատրա՞ստ է դրան։

– Նա միշտ է պատրաստ իրադարձությունների ցանկացած զարգացման: Սերժ Սարգսյանը կձերբակալվի և դրանով իր հերթական մեծ ծառայությունը կմատուցի իր ժողովրդին. նա կհայտնվի անազատության մեջ, ու բոլորը վերջնականապես կհամոզվեն, որ եթե «հեղափոխությունից» հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում` մարդկանց վիճակը, միևնույն է, չի փոխվում, ներդրումները չեն ավելանում, նոր աշխատատեղեր չեն բացվում, կյանքն ավելի անվտանգ ու ավելի լավը չի դառնում։ Հակառակը` վատանում է:

Սերժ Սարգսյանն իրենով դա ցույց կտա, որպեսզի սթափությունն օր առաջ հաղթանակի: Նրան ձերբակալելով` իշխանությունը կսպառի ռեպրեսիաները որպես գործիք օգտագործելու և՛ արդյունավետությունը, և՛ հնարավորությունը։

Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը: Թերևս ճակատագրի հեգնանք է, որ անհաջողակների այս իշխանությունն առանց իր իսկ կողմից միֆականացված գործիչների ոչինչ չի կարողանում անել: Անգամ առանց նրանց դեմ թշնամության այս իշխանությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, առանց նրանց ստվերի դեմ պայքարի այս իշխանությունը ոչ մի ասելիք ու անելիք չունի: Զավեշտ է, բայց փաստ:

– Ակնարկեցիք, որ Ձեր դեմ ևս իրավական պրոցես կսկսեն: Կարծում եք Ձեր դեմ էլ  քրեական գործ կհարուցվի՞։

– Միանշանակ: Իրականում այն պահից սկսած, երբ ձևավորվեց նոր իշխանությունը, առաջին գործերից մեկը եղել է ինձ և իմ հետ փոխկապակցված բոլոր անձանց ու ընկերությունների ստուգումը։ Ստուգել են հնարավոր ամեն ինչ և հնարավոր բոլոր ժամանակներին առնչվող ամեն ինչ։ Մինչև հիմա հաջողության չեն հասել, բայց դա դեռ չի նշանակում, որ դադարել են փնտրելուց։ Ի վերջո, ժամանակի հարց է. ինչպես ասում են, եթե մարդը կա, մի հոդված կգտնվի, և կգտնվի իրավական համակարգում մեկը, ով վերևի պատվերով կկարի այդ գործը։

Մեկուկես տարի ոչինչ չգտնելուց հետո հիմա արդեն քրեական գործ հարուցելը կլինի ամենաուղիղ հրահանգով իրականացվող քաղաքական պատվեր։ Իսկ դա խիստ կանխատեսելի է, խոցելի, և կյանքն ամեն ինչ իր տեղը դնի։ Օրվա իշխանությունը հատում է բոլոր սահմանագծերը` մոռանալով, որ մենք բոլորս ապրելու ենք նույն երկնքի տակ, և ոչինչ՝ առավել ևս իշխանությունը, հավերժ չէ: Իսկ մեր հայրենիքին շրջապատող իրական մարտահրավերները ժամ առ ժամ են լուծումներ պահանջում։ Սա է ամենակարևոր խնդիրը, որն օր առաջ հասարակության բոլոր շերտերի սթափությունն է պարտադրելու: Եկել է բոլոր միֆերը ջարդելու ժամանակը:

Տեսանյութեր

Լրահոս