«2 տարի Սաշայիս ծնունդներն անցկացրել եմ ողբով. բայց հիմա խոսք եմ տալիս Սաշին, որ աշխատելու եմ սրանից հետո իր ծնունդները դիմավորել շատ ուրախ». Սոֆյա Գալստյան
Օգոստոսի 12-ին ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհված հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է։ Սաշայի հարազատ Մեծամոր քաղաքում մի խումբ բարերարների կողմից կառուցվել է հուշարձան՝ ի պատիվ Սաշա Գալստյանի և ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում մեր բոլոր զոհված զինծառայողների։
Սաշա Գալստյանի մայրը՝ Սոֆյա Գալստյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հարգում է տղայի որոշումը և հպարտ է նրանով.
«Ես շատ կցանկանայի այսօր անցկացնել իմ տղայի հետ՝ նրա 23-ամյակը նշել, բայց սա իմ տղայի որոշումն էր, հարգում եմ նրա որոշումը: Երբ չզգամ նրա ներկայությունը, ես չեմ ապրի, բայց Սաշան կա ինձ համար՝ դեռ բանակում է»:
Սաշան երազում էր բժիշկ դառնալ, մոր խոսքով՝ դա նրա միակ ցանկությունն էր: «4-րդ դասարանում շարադրություն գրեց, որ ուզում է դառնալ բժիշկ: Գրել էր, որ ամեն անգամ, երբ տեսնում էր բժիշկներին՝ ճերմակ խալաթը հագած, իր մեջ ցանկություն է առաջանում բարություն անել և բժշկել մարդկանց: Երբ 4-րդ դասարանում գրեց այդ շարադրությունը, արդեն 9-րդ դասարանում ուսուցչուհին նրանց բաժանեց շարադրությունները, Սաշայիս մակագրեց՝ հաջողություններ ապագա բժշկին, ու Սաշան ընտրեց իր ուղին:
Նա հպարտորեն կրում էր ճերմակ խալաթը: Այստեղ մի անկյունում կա իր ձեռքի գրիչը, որը միակ իրն է, որ նրանից հետ է եկել: Ես չունեմ ուրիշ ոչինչ: Բանակում որոշել էր, որ պետք է վերադառնա և վիրաբույժ դառնա: Նպատակները մեծ էին. մեր բոլոր երիտասարդները ունեին նպատակներ»,- ասաց նա՝ հավելելով՝ ինչպես կենդանության օրոք է հպարտ եղել և ամեն երկրորդ բառը եղել է «իմ Սաշը», հիմա նույնպես այդպես է, չի փոխվել ոչինչ:
«Երբ զանգահարում էի, ասում էի՝ Սաշ, ի՞նչ ուղարկեմ քեզ համար, պատասխանում էր, թե՝ մամ ջան, ես սանատորիայում չեմ, ես ոչնչի կարիք չունեմ, այստեղ ամեն ինչ շատ լավ է, միայն եթե կարող ես՝ բալի ու մալինայի մուրաբա փակի, դա վերևների համար է: Հետո իր ծառայակից ընկերները պատմում էին, որ երեկոյան, երբ տղաները հերթափոխի են կանգնած եղել, բրդուճներ էր պատրաստում ու մալինայի և բալի մուրաբաներով թեյ էր բերում, զենքը ձեռքներից վերցնում էր, ասում էր՝ դուք գնացեք մի փոքր հանգստացեք, տաքացեք, թեյ խմեք, ես ձեր փոխարեն կկանգնեմ: Դա խոսում է իմ տղայի մարդ տեսակի մասին»:
Տիկին Սոֆյան նշեց՝ չի եղել նման դեպք, որ Սաշան իր ծննդյան օրը չտոնի. «Նա շատ էր սիրում իր ծննդյան օրը, շատ հյուրեր էինք ունենում»:
Հարցին՝ որդու զոհվելուց հետո ինչպե՞ս է նշել նրա ծննդյան օրը, հերոսի մայրը պատասխանեց. «2 տարի Սաշայիս ծնունդներն անցկացրել եմ ողբով: Այս տարի մոտ մեկ շաբաթ առաջ վերադարձել եմ Արցախից. տիկին Լենա Մուրադյանը կազմակերպել էր այցելություն՝ Արցախ աշխարհ: Այնտեղից ես վերադարձել եմ այնպես հպարտ, ու ես խոսք եմ տալիս Սաշին, որ աշխատելու եմ սրանից հետո իր ծնունդները դիմավորել շատ ուրախ, որովհետև ինքը կա: Ես Արցախ աշխարհում տեսա՝ մեր տղաները թևածում էին այնտեղ: Երբ Արցախում քայլում էինք փողոցով, քահանաներն ասում էին՝ հերոսներիս ծնողները, այսինքն՝ նրանք մեր տղաներով մեզ ճանաչում են: Դա արդեն մեզ պարտավորեցնում է՝ մենք պետք է մեզ հպարտ պահենք»: