«ՀՀ-Իրան հարաբերությունների ներկայիս գլխավոր անելիքը քաղաքական ոլորտում է»․ քաղաքագետ

«Իրան-ԵԱՏՄ համաձայնագիրը գուցե տուժի ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունից»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով ԻԻՀ ղեկավար Հասան Ռուհանիի հնարավոր այցին Հայաստան։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հրավիրել է Երևան: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Փաշինյանն իր ելույթում նշել է.

«ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան՝ ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»։ Նիստը կայանալու է հոկտեմբերի 1-ին:

Ըստ Ալի Սալամիի՝ Իրան-ԵԱՏՄ պարզեցված առևտրի համաձայնագրի վավերացումից հետո կարևոր է, որպեսզի իրանական կողմը քննարկումներ ունենա ԵԱՏՄ անդամ երկրների և հանձնաժողովի հետ, ավելի դրական կլինեն բարձրաստիճան մակարդակում քննարկումները՝ համաձայնագրի բարձր արդյունավետության համար:

«Կարծում եմ՝ այս հրավերն ընդունելը կարևոր է ոչ միայն համաձայնագրի տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու, այն քննարկելու համար, այլև դրա ճանապարհին առկա քաղաքական խնդիրները քննարկելու համար, քանի որ պատժամիջոցների ենթարկվող Իրանը և այն ընկերությունները, որոնք կարող է համագործակցեն Իրանի հետ, գուցե հայտնվեն հավելյալ պատժամիջոցների տակ, բանկային դժվարություններ առաջանան, ինչը առանցքային խնդիր կարող է լինել գործարքների համար։

Իհարկե, համաձայնագիրը քաղաքական այս իրավիճակում իրագործելը բարդ խնդիր է լինելու Իրանի և ԵԱՏՄ երկրների, արտադրողների համար, սակայն այդ խնդիրներն անցողիկ են, ուստի համաձայնագրի ներդրումը կարևոր է, անկախ քաղաքական խոչընդոտներից։

Իրանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա լարվածությունը անկանխատեսելի է, և եթե քաղաքական իրավիճակով առաջնորդվելու լինենք, ապա տնտեսական համագործակցությունը, ինչպես նախկինում, մատնելու ենք անուշադրության և շատ ավելի մեծ վնասներ կրենք։ Ներկայումս կա գիտակցում, որ հարկավոր է ավելի ներգրավված քաղաքականություն վարել տարածաշրջանում և աշխարհում՝ նախ՝ զարգանալու, ապա՝ պատժամիջոցների ազդեցությունը թուլացնելու համար։

Կարևոր է նաև, որ հրավերքն անում է Հայաստանը, որը եղել է Իրանը ԵԱՏՄ-ին կապելու նախաձեռնության հեղինակը և նպաստել է այս համաձայնագրի վավերացմանը, նպաստելով զուգահեռաբար ԵԱՏՄ կայացմանը՝ որպես տնտեսական կառույց»,- ասաց վերլուծաբանը։

Նրա պնդմամբ, շատ են նաև երկկողմ օրակարգում քննարկման արժանի քաղաքական և տնտեսական թեմաները։

«Գլխավոր քաղաքական խնդիրը, կարծում եմ, կրկին Իրան-ԱՄՆ հարաբերություններն են, դրանցում Հայաստանի շահերը, այն, թե Հայաստանն ինչպիսի քաղաքականություն է վարում այս շրջափուլում, հատկապես, երբ վերջերս Միացյալ Նահանգներում են եղել մի քանի հայաստանյան բարձրաստիճան պատվիրակություններ, վստահաբար Նահանգներում քննարկվել է պատժամիջոցների, տարածաշրջանում առկա վտանգների ու մարտահրավերների թեման, որոնք հավելյալ խնդիր են ՀՀ-ի համար, որը ոչ պակաս բարդ խնդիրներ ունի այս տարածաշրջանում, և ցանկացած սրված քաղաքական իրավիճակ տարածաշրջանում կարող է նպաստել ԼՂ հակամարտության  գոտում վտանգավոր փուլի մեկնարկին, որն անցանկալի է թե՛ Հայաստանի, և թե՛ Իրանի համար, որը բազմիցս իր կարծիքն այս ամենի վերաբերյալ հայտնել է։ Խնդիրներն այնքան շատ են և այնպիսի փուլում են, որ դրանցից մեկի ուղղությամբ լուրջ սրումը կարող է շատ ավելի մեծ խնդիրներ ստեղծել մեր ողջ տարածաշրջանի համար։ Այս փուլում կարևոր եմ համարում մեր երկրների ղեկավարների միջև ակտիվ բնույթի բարձրաստիճան շփումները։

Կարծում եմ՝ այս պահին ամենակարևոր անելիքն այս ոլորտում է, քանի որ մյուս բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները կիսատ են լինելու քաղաքական փոխըմբռնման պակասի դեպքում»,- ասաց վերլուծաբանը։

Նա ասաց, որ վերջերս կայացած միջկառավարական նիստի ընթացքում Իրանն ու Հայաստանը տարբեր հարցեր են քննարկել՝ հիմնականում տնտեսական, էներգետիկ բնույթի։

«Այս ուղղությամբ ևս պետք է շարունակվեն քննարկումները՝ օրակարգը զարգացնելու և իրագործելու նպատակով»,- նկատեց Սալամին։

 

Տեսանյութեր

Լրահոս