Բաժիններ՝

«Մենք դուրս ենք գալիս՝ «ախպեր ջան, մի երկու կոպեկ էլ ավելացրու»-ի դաշտից, մտնում ենք արժանապատիվ ծառայության դիմաց արդար վարձատրություն ակնկալող մարդկանց դաշտ»

«ՀՀ համայնքներում մասնավոր տուրիստական կացարանների առումով ամենազարգացած մարզերն են Սյունիքը, Տավուշը, Լոռին: Մի քիչ պակաս՝ Արագածոտնը, Արմավիրը, Շիրակը: Դա կապված է ոչ միայն գեղեցիկ բնության, այլև համայնքի ներկայացուցիչների կողմից նախադրյալներ ստեղծելու, ծրագրային ներդրումներ կատարելու հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքների տնտեսական զարգացման մասնագետ Արթուր Ոսկանյանը:

Նրա խոսքով՝  պարզապես պետք է գյուղի բնակչի համար հնարավորություն ստեղծվի, որպեսզի նա նման գործունեությամբ զբաղվի:

«Իրականում մարդիկ դրանով զբաղվել են դարեր շարունակ, բայց մեր մշակույթում, կենցաղում հյուր ընդունելը միշտ պատվաբեր է եղել: Մարդիկ հիմնականում ամաչում են փող վերցնել, ասում են՝ ի՞նչ ենք անում, որ գումար վերցնենք:

Այս դեպքում ունենք երկու հասկացություն՝ հյուրընկալություն ու հյուրասիրություն: Ժողովուրդն ավելի սովոր է հյուրասիրությանը, այսինքն, անվճար ձևով, իսկ հյուրընկալության դեպքում մարդը հասկանում է, որ տուրիստը եկել է, ուզում է մի տեղ գիշերել, խնդրել, որ մեքենայով հետո տանեն այնտեղ, որտեղ ցանկանում է: Մարդը բենզինի համար գումար է հատկացնում, ժամանակ է ծախսում, ուստի սա բերում ենք գործարար դաշտ, առաջնորդվում ենք ոչ թե մեր սովորական՝ «ինչ կտաս՝ կտաս» տրամաբանությամբ, այլ ասում ենք՝ ժողովուրդ ջան, կա ծառայություն, որը մատուցվում է այս գնի սահմաններում:

Այսինքն՝ նախապես դու գիտես, թե ինչքան ես վճարելու, և մենք դուրս ենք գալիս  «ախպեր ջան, մի երկու կոպեկ էլ ավելացրու»-ի դաշտից, մտնում ենք արժանապատիվ ծառայության դիմաց արդար վարձատրություն ակնկալող մարդկանց դաշտ»,- նշեց Արթուր Ոսկանյանը:

Նրա փոխանցմամբ՝ հյուրատներից ավելի շատ արտասահմանցիներն են օգտվում, ինչպես նաև հայերը, ովքեր ուրիշ երկրում են ապրում:

Իսկ հյուրատների մեծ մասը գյուղերում է, քանի որ մարզկենտրոններում հիմնականում հյուրանոցներ են լինում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս