«Մինչև այս սենյակ մտնելը դա ինձ համար մեծ նշանակություն է ունեցել, իսկ հիմա՝ առավել ևս». Մարկ Գրիգորյանը՝ Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը:
Նորանշանակ տնօրենից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ խնդիրներ է առանձնացրել, որոնք առաջնային են, և արդյո՞ք քայլեր ձեռնարկելու է, որպեսզի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի տուն-թանգարան լինի Երևանում, նա պատասխանեց.
«Ես կողմ եմ, որ Թամանյանն ունենա տուն-թանգարան, և ամեն ինչ կանեմ դրա համար: Բոլոր նրանք, ովքեր ձևավորել են Հայաստանի 20-րդ դարի մշակույթը՝ Մարտիրոս Սարյան, Ավետիք Իսահակյան, Հովհաննես Թումանյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Կոմիտաս… ունեն իրենց տուն-թանգարանները, իսկ Ալեքսանդր Թամանյանը, ով ձևավորել է 20-րդ դարի հայկական ճարտարապետությունը, չունի, և դա սխալ է: Մեզ համար ճարտարապետությունն ունի հսկայական նշանակություն: Տեսեք՝ որքան հեղինակներ են փորձել գրել Երևանի մասին, ու վերջում ստացվել է ճարտարապետության մասին: Բոլորն ուզում են, որ տուն-թանգարանը լինի, ես էլ նրանց թվում եմ և ակտիվ աշխատում ու աջակցում եմ, որ սա իրականանա: Մինչև այս սենյակ մտնելը դա ինձ համար մեծ նշանակություն է ունեցել, իսկ հիմա՝ առավել ևս»:
Ինչ վերաբերում է խնդիրներին՝ նա նշեց. «Մարդիկ պետք է իմանան այս թանգարանի տեղն այնպես, ինչպես Մարտիրոս Սարյանի կամ Հովհաննես Թումանյանի դեպքում է: Մենք հպարտանում ենք մեր բազմադարյա պատմություն ունեցող ճարտարապետությամբ, ուստի պարտավոր ենք այդ ժամակահատվածին ու մեծությանը պատշաճ թանգարան ունենալ, և, հետո, հայ ճարտարապետներ ունենք ամբողջ աշխարհում, պետք է կարողանանք իմանալ, թե ովքե՞ր են, տեսնենք, թե ինչպե՞ս են այլ երկրներում նրանց գնահատում: Բարդ և հետաքրքիր աշխատանք է, ու շուտով ինչ-որ բաներ կսկսենք ցուցադրել»:
Հիշեցնենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը: Այս տարվա հուլիսին Ռուբեն Արևշատյանը հայտնեց իր լիազորությունները դադարեցնելու մասին:
Մարկ Գրիգորյանը լրագրող է, նա զբաղեցնում էր Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը:
Նշենք, որ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի որոշմամբ։ ՀՀ կառավարության 2016 թվականի մարտի 31-ի որոշմամբ «Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվել է` միանալով «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Անի Կարապետյան