Բաժիններ՝

«Ճիշտ պատասխանը կլիներ՝ ընտանեկան երջանկությունը, բայց…». Կոնսուելո Լուսարդո (բացառիկ հարցազրույց)

Կոլումբիացի դերասանուհի Կոնսուելո Լուսարդոն հայ հեռուստադիտողին հայտնի է «Բլանկոյի այրին» սերիալից, որտեղ նա մարմնավորում էր Դոնյա Պերֆեկտային։ Կոնսուելո Լուսարդոն իր կարիերան սկսել է 13 տարեկանից։ Իր տարիքի համար նա բավականին հասուն էր և միանգամից լուրջ դերեր է խաղացել։ Կոնսուելոն երկու անգամ ամուսնացել է, բայց երկու ամուսնություններն էլ անհաջող էին։

Ինչպես մամուլն է գրում՝ բարդ բնավորությունն ու հպարտությունը դերասանուհուն թողեցին միայնության մեջ։ Սակայն նա չի դժգոհում։ «Ես շատ եմ սիրում դերասանական աշխատանքը, միշտ խոսում եմ աշխատանքից, և երբ ինձ հետ զրուցում են, ես ձևացնում եմ, թե լսում եմ, բայց դա սուտ է․ ես մտածում եմ աշխատանքի մասին։ Դա ոչ բոլորն են հանդուրժում։ Ամուսնության երկրորդ փորձից հասկացա, որ ինձ ավելի լավ կզգամ, եթե ապրեմ միայն ինձ համար»,- ասում է դերասանուհին։

«168 Ժամի» հետ բացառիկ հարցազրույցում 74-ամյա Կոնսուելո Լուսարդոն ասաց, որ ապրում է Բոգոտայի կենտրոնում՝ իր մեծ ու հարմարավետ բնակարանում, որտեղից բացվում է հրաշալի տեսարան, և երջանիկ է, որ ամբողջ կյանքը նվիրել է սիրելի մասնագիտությանը:

Կարդացեք նաև

– Տիկին Կոնսուելո, Ձեր երկարատև դերասանական փորձից ելնելով՝ ի՞նչ կարող եք ասել դերասանի մասնագիտության մասին, ի՞նչ է պետք լավ դերասան լինելու համար։

– Դերասանությունը, ինչպես արվեստի մյուս բոլոր ճյուղերը, տաղանդի, սիրո և այդ ոլորտում զարգանալու կարողության կարիք ունի, բայց դա բավարար չէ։ Անհրաժեշտ է սովորել, որովհետև ուսումնառության ընթացքում ստանում ես այն հիմքերը, որոնք թույլ են տալիս աշխատանքդ միջինից բարձր կատարել։ Մասնագիտության պրակտիկ փուլում արդեն ստիպված ես լինում շատ բաներ զոհաբերել, որովհետև երբ դու դերասան ես, պետք է լինես շատ համառ (ես կասեի՝ ես շատ համառ եմ), պետք է պատրաստ լինես մերժումների, որովհետև քո ճանապարհին այն շատ ես հանդիպում։

Երբ դուք որևէ նախագծում եք, դժվար է ազատ ժամանակ ունենալ, որովհետև գործընթացը, որում գտնվում եք, պահանջում է ամբողջական նվիրվածություն և շատ աշխատանքային ժամեր։ Առաջին հայացքից՝ դա այդքան էլ հաճելի չի թվում, բայց իմ 60 տարվա դերասանական փորձով կարող եմ հավաստիացնել, որ ամեն անգամ, երբ խաղում եմ որևէ կերպար, ես երջանիկ եմ։

– Ձեր այս 60 տարվա դերասանական կարիերայի ընթացքում կերտած կերպարներից ո՞ւմ եք ավելի շատ նման։

– Իմ դերասանական կարիերայի ընթացքում ունեցել եմ կերպարներ, որոնց հետ որոշակի ընդհանուր հատկանիշներ են եղել, բայց իրականում, այն կերպարները, որոնք ես շատ եմ հավանել և որոնք պահանջել են ավելի շատ աշխատանք, ինձնից և իրարից լիովին տարբեր կանանց կերպարներ են եղել։ Այդ կերպարներն ինձ ստիպել են ավելի շատ հետաքննել, ռիսկի գնալ և անել ամեն ինչ՝ լիովին անհայտ մոլորակում խորասուզվելու համար։

– Դուք նկարահանվել եք բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում, սերիալներում, խաղացել եք թատրոնում։ Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ սերիալները երբեք չեն կարող գեղարվեստական ֆիլմերի և թատրոնի որակն ունենալ, համամի՞տ եք։

– Պատմականորեն ասվել է, որ կինոթատրոնի կողքին հեռուստատեսությունը երկրորդական ժանր է, բայց դա փոխվում է վերջին ժամանակներում։ Կինոթատրոնը փորձում է պահել հաղթելու բանաձևը, և շատ դեպքերում այն դադարել է լինել խիզախ ու ռիսկի գնացող։ Շատ ֆիլմարտադրողներ ստիպված եղան բացել դռները հեռուստատեսության առաջ։ Այս իրավիճակը նպաստեց նրան, որ շատ տաղանդավոր գրողներ և պրոդյուսերներ սկսեցին ստեղծել հրաշալի որակի ստեղծագործություններ, հրաշալի պատմություններ և իրական բլոկբաստերներ, որոնք ոչ միայն դարձան ժամանակակից և որակյալ սերիալներ, այլև ստիպեցին կինոյի հանրահայտ ռեժիսորներին ու դերասաններին աշխատել հեռուստատեսությունում։

– Նշեցիք, որ դերասանական կարիերան պահանջում է նվիրվածություն, և որևէ նախագծում ներգրավվելու ժամանակ ազատ ժամեր գրեթե չեն լինում, դրանից ընտանիքի հետ հարաբերությունները չե՞ն տուժում։ Մի առիթով նշել եք, որ միայն ձեր աշխատանքի մասին եք մտածում։ Ի վերջո, ո՞րն է կարևոր՝ կարիերա՞ն, թե՞ ընտանեկան երջանկությունը։

– Ճիշտ պատասխանը կլիներ՝ ընտանեկան երջանկությունը, բայց պետք է ընդունեմ, որ իմ դեպքում չկա այդ համաչափությունը, և ես հակված եմ իմ աշխատանքն առաջին պլանում դնել։ Բարեբախտաբար, ես չունեմ ամուսին կամ երեխաներ, և իմ կյանքի այս փուլում չունեմ այն մեղքի զգացումը, որ ընտանիքիս հետ քիչ ժամանակ եմ անցկացրել։

– Տիկին Կոնսուելո, չնայած Ձեր բազմաթիվ դերերին, Հայաստանում Ձեզ ճանաչում են «Բլանկոյի այրին» սերիալից, ավելին՝ այստեղ ձեզ որպես Դոնյա Պերֆեկտա գիտեն։ Դուք ի՞նչ գիտեք Հայաստանի մասին։

– Շատ ուրախ եմ լսել, որ «Բլանկոյի այրին» սերիալը ցուցադրվել է Հայաստանում։ Ցավոք, Հայաստանի մասին ունեմ հիմնական տեղեկություններ, և թեպետ եղել եմ Հայաստանի կողքին՝ հենց հարևան պետություն Թուրքիայում, բայց չեմ այցելել Հայաստան։ Սակայն հույս ունեմ, որ նման հնարավորություն դեռ կունենամ, որովհետև ես սիրում եմ ճամփորդել և նոր երկրներում լինել։

– Իսկ այս պահին ի՞նչ նախագծի վրա եք աշխատում։

– Չնայած իմ պատկառելի տարիքին (74 տարեկան եմ), ես դեռ շատ ակտիվ եմ։ Այս պահին խաղում եմ «Perdida» սերիալում, որը նկարահանվում է Antena 3-ի կողմից, նաև Կոլումբիայի կինեմատոգրաֆիստական արվեստի և գիտությունների ակադեմիայի (Academia Colombiana de Artes y Ciencias Cinematográficas) նախագահն եմ:

Ակադեմիայում ընդգրկված են 16 տարբեր ոլորտներից պրոֆեսիոնալներ, որոնք միջամտում են ֆիլմերի ստեղծմանը և որոնք ստեղծել են «Մակոնդո» մրցանակաբաշխությունը։ Այդ մրցանակաբաշխությունը բարձրացնում է մեր կինոյի գեղարվեստական և տեխնիկական ձեռքբերումները, իսկ մրցանակները տրվում են տարին մեկ անգամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս