
Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Երևանում օգոստոսի 1-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ճապոնականը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարի փոխօգնական, Եվրոպական հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, Կենտրոնական Ասիայի, Կովկասի և ՎՈՒԱՄ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հիդեկի Ույաման (Hideki Uyama):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընթացքը: Զրուցակիցները քննարկել են հայ-ճապոնական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակել առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման և խորացման վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, շրջակա միջավայրի պահպանության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարության կողմից ՀՀ զարգացմանը ցուցաբերվող բազմաբնույթ օգնության կապակցությամբ:
Ճապոնական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին, տարբեր բնագավառներում կարողությունների ավելացմանը:
Խորհրդակցությունների ընթացքում նաև մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Կարևորվել է նաև բազմակողմ ձևաչափով միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցությունը: