«Նպատակը ստարտափը ՀՀ-ում լինի իշխող մտածողություն դարձնելն է». Նիկոլ Փաշինյանը՝ «Սևան ստարտափ սամմիթ»-ում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել է Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այն մեկնարկել է հուլիսի 28-ին:
Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար: «Հաճախ են հարցնում, թե ինչ է ստարտափը, որը հաճախ են օգտագործում Հայաստանում: Կարևոր, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ծանոթ լինի այս արտահայտության էությանը: Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի լավ գաղափար, բայց չունի ֆինանսական միջոցներ, գրասենյակ և նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել այդ գաղափարի հաղթելու հնարավորության մեջ և պոտենցիալ ներդրողներն աջակցում են դրա իրագործմանը` հավատալով ստարտափի հաղթանակին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ստարտափի գաղափարի տարածումը հանրային կյանքի բոլոր ոլորտներում:
«Նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև ի սկզբանե կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր ունեին գաղափար, այն ներկայացրեցին հանրությանը, կարողացան համոզել հանրությանն այդ գաղափարի հաղթելու հեռանկարի մեջ և ամբողջ հայությունը կարողացավ իր ներդրումն ունենալ այդ գաղափարի իրագործման գործում ու այսօր Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն: Ստարտափի գաղափարը յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա տեղայնացնել իր շրջապատում: Հայաստանում շատերը բողոքում են, որ չկա փող: Մեր կառավարությունը մարդկանց փորձում է ամեն օր համոզել, որ կարևորը փողը չէ, այլ գաղափարը և եթե յուրաքանչյուրն ունենա գաղափար, որը կարող է հաղթել, այդ փողը կհայտնվի»,- նշել է վարչապետը` ավելացնելով, որ Նոր Հայաստանի էությունը սա է, որտեղ համակարգված գաղափարներն իրականություն դառնալու հնարավորություն ունեն:
«Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, սա նկատի ունենք: Հրավիրում ենք մարդկանց օգտվելու իրենց գաղափարները կյանքի կոչելու հնարավորությունից: Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին մտքի հեղափոխություն է, ամեն ինչ սկսում է գաղափարից, սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը: Դրանից առաջ ամեն ինչ մեր երկրում սկսվում էր նյութական պատկերացմամբ, նյութական հենքով: Նոր Հայաստանում ամեն ինչ սկսվում է գաղափարից, Նոր Հայաստանում ցանկացած նյութական արտահայտություն մի ինչ-որ գեղեցիկ գաղափարի արդյունք է»,- նշել է կառավարությանը ղեկավարը: Վարչապետի խոսքով` գործադիրի նպատակն է, որպեսզի ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն, մենթալիտետ, որտեղ յուրաքանչյուր մարդ առաջինը պետք է հավատա իր ուժերին և դրա արդյունքում բոլորին կստիպի հավատալ իրենց ուժերին, տաղանդին, մտքերին և հզորությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Նոր Հայաստանն, ըստ էության, մի ստարտափ է, որի ընթացքը կանգնեցնել չի լինի: Վարչապետի համոզմամբ, Նոր Հայաստանը, ապագայի Հայաստանն անպայման հաղթելու է և այս կարգի միջոցառումները կարևոր են` գաղափարները կյանքի կոչելու համար:
«Երբ ծովի դար էր` մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր` մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր` մենք բախտ չունեինք, 21-րդ դարն առաջին հերթին մտքի դար է, ստարտափի դար է և մենք ունենք միտք ու մեր միտքը միանշանակ հաղթելու է, մեր միտքն արդեն հաղթել է, որովհետև Նոր Հայաստանն առաջին հերթին մտքի հաղթանակ է: Ողջունում եմ բոլորիդ որպես մտքի առաջամարտիկների: Մեր նպատակն է` յուրաքանչյուր քաղաքացու ոգեշնչել, որ նա դառնա մտքի ակտիվիստ և Հայաստանի Հանրապետությունը դարձնի մտքի գերտերություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Այնուհետև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության ստեղծման նպատակներն ու գործառույթները, խոսել առաջիկայում նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների մասին:
Վարչապետը շրջայց է կատարել ճամբարում` ծանոթացել միջոցառման մանրամասներին և նպատակներին:
«Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին մասնակցում է 120 ստարտափ թիմ Հայաստանից և 45 տարբեր երկրներից, ինչպես նաև ավելի քան 1000 ձեռներեց ողջ աշխարհից։ Սամմիթի նպատակն է խրախուսել նորարարական գաղափարները, բիզնես աշխարհի ներկայացուցիչների միջև հաստատել կապեր: