Բաժիններ՝

«Գիտե՞ք ինչ, հայկական միլիարդներն առնվազն հասարակ բաներ են, դրանք ի՞նչ գումարներ են պետության համար». Վարդան Բոստանջյան

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը դրական, սակայն ժամանակավոր է համարում այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտների՝ 25.1% աճը։ 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սա մեծամասամբ ավտոմեքենաների ներկրման ծավալների էական աճի արդյունք է։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ անդամ լինելու պարագայում ավտոմեքենաների առքուվաճառքի մասով Հայաստանին ընձեռվեց հնարավորություն՝ չկրել համապատասխան պարտավորություններ և դրանք կրել տվյալ երկրի ներսում։

Ըստ տնտեսագետի՝ դա է պատճառը, որ Ղազախստանի, Բելառուսի քաղաքացիները գալիս են Հայաստանից ավտոմեքենա տանելու, և այս շուկան շատ աշխուժացել է՝ առաջին կիսամյակում գրեթե 60 հազար ավտոմեքենա է ներկրվել ՀՀ, որի արդյունքում ավելացել են մաքսային եկամուտները՝ մոտ 105 մլրդ-ի չափով։

«Ընդհանուր առմամբ՝ դա վատ ցուցանիշ չի։ Բայց դրա մի քիչ խոցելի կողմը կայանում է նրանում, որ մինչև տարվա վերջ է մեզ այդ հնարավորությունը տրված։ Այսինքն՝ այդ հնարավորությունը վերանալուց հետո մենք այդպիսի լրացուցիչ մուտքեր չենք կարող ունենալ»,- ասաց Վ.Բոստանջյանը։

Ծախսերի շուրջ 20% թերակատարումը, տնտեսագետի կարծիքով, զարմանալի չէ, քանի որ գրեթե բոլոր գերատեսչություններում կան որոշակի դժվարություններ. «Կառավարման որակը ցույց է տալիս, որ գոնե այս պահին մենք չունենք արհեստավարժ աշխատողների բանակ, որ կարողանան այս դժվարությունները հաղթահարել։ Եվ դրանով պայմանավորված՝ մենք ամենահասարակ ծրագրերի մասով կարող ենք ունենալ այնպիսի վիճակ, ինչպիսին առկա է հիմա»։

Վ.Բոստանջյանը նշեց, որ, թեև զինծառայողների, ուսուցիչների աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացումը հռչակված է, բայց գոյություն ունի լարվածություն, և բյուջե մուտք եղած գումարը հազիվ կբավականացնի սոցիալական բնույթի խոստումները կատարելու համար, իսկ կապիտալ ծախսերին դրանք չեն ուղղվելու:

Ավելին՝ ծախսեր կան, որ կրճատվում են՝ գումարը սոցիալական խոցելի խավի իրավիճակը մի քիչ լավացնելուն ուղղելու նպատակով։

Այս պայմաններում տնտեսության վիճակը Բոստանջյանը գրեթե կոլապսային է բնորոշում. «Այսպիսի կոդ կա բոլոր շարժվողների համար՝ չմահանալ։ Եվ այդ ծրագիրն իրականացնելու համար գոյատևում ես։ Հիմա մենք այդպես ենք, մեր տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում»։

Դիտարկմանը, որ կառավարության տվյալներով՝ հուլիսի 1-ի դրությամբ ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 24.5 հազարով՝ գերազանցելով 95 հազարը, Վ.Բոստանջյանը նշեց, թե պաշտոնական վիճակագրական թվերին ինքը երբեք՝ թե՛ այժմ, թե՛ նախկինում, չի հավատացել.

«Միշտ ցույց են տալիս իշխանությունների, իբր, ավելի բարվոք վիճակը։ Բայց իրականության հետ դրանք քիչ առնչություն ունեցող թվեր են։ Ամենահասարակ հաշվարկի դեպքում ձեռնարկությունների այդ թվի դեպքում պետությունը պետք է ընդգծված մուտքեր ունենար։ Եթե չկան այդ մուտքերը, դա ո՞նց եղավ, որ ձեռնարկությունների թիվն ավելացավ»։

Հիշեցմանը, որ 63 մլրդ դրամով ավելի հարկեր են հավաքվել, Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Գիտե՞ք ինչ, հայկական միլիարդներն առնվազն հասարակ բաներ են, դրանք ի՞նչ գումարներ են պետության համար։ Երբևիցե մենք չպետք է ապակողմնորոշվենք նման թվերի պարագայում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս