Բաժիններ՝

Վրաստանը 600 հազար եվրո կհատկացնի Ռուսաստանից հայրենակիցների փոխադրման համար

Վրաստանի իշխանությունները որոշել են 600 հազար եվրո հատկացնել ՌԴ-ից տարանցիկ թռիչքների սուբսիդավորման նպատակով, ոչ թե զբոսաշրջության զարգացման, այլ Ռուսաստանում բնակվող հայրենակիցներին օգնելու համար: Այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով կառավարության նիստից առաջ կայացած բրիֆինգում:

«Սա շատ պարզ որոշում է, որը կապված է Վրաստանի քաղաքացիների հանդեպ մեր տարրական պատասխանատվության ու պարտականության հետ: Ձեզ հայտնի Է, որ Վրաստանի շատ քաղաքացիներ են ապրում Ռուսաստանի Դաշնությունում: Ամռան տարեշրջանում նրանցից շատերը պլանավորում էին եւ պլանավորում են վերադառնալ Վրաստան եւ ամառն անցկացնել ընտանիքի հետ:

Շատ կարեւոր է՝ օգնել մեր քաղաքացիներին, երբ նման խնդիրներ (ուղիղ չվերթների արգելք) են ծագում, մանավանդ երբ այդ խնդիրները ծագում են նրանցից չկախված պատճառներով»,- ասել է Բախտաձեն: Նրա խոսքով՝ իշխանությունների մտքով չի էլ անցել այդ փոքր գումարով օգնել զբոսաշրջությանը: «Ի՞նչ եք կարծում՝ 600-հազարանոց օգնությամբ կարելի է հաղթահարել այն խնդիրը, որն ստեղծվել Է վրացական զբոսաշրջության ոլորտում»,-հավելել է Բախտաձեն:

Վրաստանի իշխանություններն ավիատրանզիտի սուբսիդավորման որոշում են ընդունել հուլիսի 25-ին: Տարեկան 600 հազար եվրո է հատկացվելու այն ավիաընկերություններին, որոնք ՌԴ-ից Թբիլիսի կամ Բաթում են թռչում Երեւանով: Այսօր միայն մեկ ընկերություն՝ Georgian Airways-ն է դրանով զբաղվում: Թռիչքների սուբսիդավորման որոշումը առաջ է բերել Georgian Airways-ի մրցակիցների, մասնավորապես, MyWay Airlines վրացական ավիաընկերության քննադատությունը, որը կառավարությանը մեղադրել է մրցակցության կանոնները խախտելու մեջ:

Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտել Վրաստան օդային փոխադրումներ իրականացնելու ռուսական ընկերությունների համար սահմանված ժամանակավոր արգելքը: Նաեւ ուժի մեջ Է մտել ՌԴ վրացական ավիաընկարությունների ուղիղ չվերթների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության որոշումը: Պատժամիջոցները սահմանվել են այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում մի քանի հազար մարդ հակառուսական հանրահավաք կազմակերպեց խորհրդարանի շենքի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս